Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Եղի մեջ հավկիթ, կը պատասխանե՝ ձեռքի ծրարը քովի աթոռին վրա դնելով։


Աբիսողոմ աղան բիլավն ալ կը հատցունե և կասկարայի ձուկ կապսպրե։


— է՛հ, Աբիսողոմ աղա, կըսե նորեկը, մեծ պատիվ, մեծ բախտ կը համարիմ ինձի ձեզի պես բարեսիրտ անձի մը սեղանակից գտնվիլս։ Ծառադ ազդային գրագետներուն ամենեն ետինն եմ, գրեթե քիչ մալ բանաստեղծ եմ, քանի մը ողբերգություն դրած եմ և կուզեմ, որ անոնց յուրաքանչյուրեն քսանական օրինակ ձեզի նվեր ընեմ...:


— Օ՜օօ, Աբիսողոմ աղա, կըսե երրորդ մը խնդում երեսով Աբիսողոմ աղային մոտենալով, բարի եկած եք։


— Տարի տեսանք։


— Ես ազգային փաստաբաններեն եմ և ձեր գալն լսելով փութացի իմ խոնարհ հարգանքներս ձեզի մատուցանել և միանգամայն հայտնել, թե ձեր դատերն ինձի հանձնեք։


— Ես դատ չունիմ։


— Եթե դատ չունիք, ինչո՞ւ ուրեմն եկաք հոս։


— Ուրիշ գործի մը համար։


— Անկարելի Է, որ ձեզի պես մարդ մը դատ չունենա, ոչ միայն անկարելի Է, այլ անպատվություն ալ է. ձեզի պես մեկը հարյուրներով զատեր ունենալու է, և ձեր շնորհիվ քանի մը փաստաբաններ ապրելու են։ Եթե դուք դատ չունենաք, անգին աղքա՛տը պիտի ունենա։


— Մեկու մը հետ դատ չունիմ։


— Զարմանալի բան. մեկու մը դեմ դատ բանալու ալ միտք չունի՞ք։


— Բնա՛վ, դատ բանալու պատճառ մը չունիմ։


— Դատ բանալու համար անպատճառ պատճա՞ռ մունենալու է. մեկու մը դեմ դատ կը բանաք, կը լմննա կերթա:


— Է, ի՞նչ կը շահիմ։


— Դուն չես շահիր, բայց փաստաբանդ կը շահի, քեզի համար աղոթք կընե։ Մեծ մարդերն հիմա այնպես կընեն, փաստաբաններն ապրեցնելու համար՝ իրենց դեմն ելնողներուն դեմ պատվո դատկը բանան։