Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամենն ալ Աբիսողոմ աղային կամ գիրք նվիրելու կամ լրագրի մը բաժանորդ գրելու, դիտավորությամբ, և այս ամենը պատվական ճաշ մալ կընեն իրենց առաջարկությունները ներկայացնելով։


Աբիսողոմ աղան հազար անեծք կարդալով ճաշարանն եկած ըլլալուն վրա՝ մանչուկը կը կանչե և հաշիվը կուզե:


Մանչուկն անմիջապես կը բերե հաշիվն, որու գումարն էր քառասուն ֆրանք, զոր տաճկերեն դրամի կը թարգմանեն և կըսեն Աբիսողոմ աղային, հարյուր յոթանասուն և վեց դահեկան:


— Հարյուր յոթանասուն և վեց դահեկա՜ն... ես այնչափ բան չկերա։


— Այո՛, դուք չկերաք, բայց ձեզի եկող հյուրերն ալ կերան, ըսավ փաստաբանն, որու կը վերաբերեր այս դատին պաշտպանությունը։


— Իրավ որ մեծ պզտիկություն եղավ, որ Աբիսողոմ աղան վճարե մեր ճաշը, ըսավ մի՛ն։


— Այո՛, ես շատ ամոթով մնացի, մեր պարտականությունն էր անոր կերակուր հրամցնելն, կրկնեց երկրորդ մը:


— Ներեցեք մեր անքաղաքավարությանն, ըսավ չորրորդ մը, ուրիշ անգամ մենք ձեզի կը հրավիրենք ճաշի:


Աբիսողոմ աղան առանց պատասխանելու ստակները համրեց և ճաշարանեն դուրս նետեց ինքզինքը՝ որոշելով, որ մեյ մալ ճաշարան չմտնե։


ժ

Հետևինք ուրեմն Աբիսողոմ աղային, որմե վայրկյան մը չբաժանվեցանք մինչև հոս և բաժնվելիք ալ չունինք մինչև պատմությանս վախճանը։ Ազնիվ ընթերցողն մինչև հոս տեսնելով գրեթե միօրինակ տեսարաններ, որք բնավ հարաբերություն չունին իրարու հետ, քանի մը անգամ մտքեն անցուց անշուշտ, թե ինչո՞ւ միայն Աբիսողոմ աղային օձիքը բռներ կերթանք և մյուս անձերն, անգամ մը ներկայացնելեն ետքը,