Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Ասոնք զիս քթես բռնելով կողոպտե՞լ կուզեն։ Սա քաղաքը գալես ի վեր վայրկյան մը ինք իր գլխուս չմնացի, հազիվ մեկը կերթա, մյուսը կուգա, ստակ կուզե. ես աս տեղ ամենուն ստակ տալու համար եկա։ Ի՞նչ աներես մարդեր են... այսչափ աներեսություն ոչ լսված բան է, ոչ ալ տեսնված: Եթե վռնտեմ ըսես, ո՞ր մեկը վռնտելու է, որ մեկուն հասնելու է. օրականով չորս հինգ հոգի վարձելու է, որ ուրիշ գործ չունենան, միայն եկողները վռնտեն...։ Եթե վռնտելու ելնես, այն ատեն ալ բոլոր քաղաքին մեջ պիտի բամբասեն զիս՝ ըսելով, թե անքաղաքավար մարդ է, թե ստակ չունի Չեմ ալ ուզեր, որ վրաս գեշ խոսվի... աս ի՞նչ փորձանք եկավ գլխուս, տեր Աստված... բարով խերով ոտք չկոխեի սա քաղաքը։ Գլուխ ելնելու բան չէ, շուտով աղջիկ մը գտնելու է, շոգենավ մտնելու և փախչելու է. ասոնք պիտի սնանկացնեն մարդը... քաշվելու բան չէ աս... ճաթելու բան է։ Աշխատե, արյուն քրտինք թափե, քիչ մը ստակ վաստկե՝ և հոս եկուր վարժապետներուն, բաներուն ցրվե. ո՞ւր լսված բան է աս...


— Կարծեմ այս իրիկուն բարկացած եք, ըսավ Մանուկ աղան սենյակին դուռն կամացուկ մը բանալով և ներս մտնելով։


— Բարկությունն ալ խո՞սք է. իմ տեղս եթե ուրիշ մը ըլլար, մինչև հիմա բարկութենե ճաթած էր:


— Ի՞նչ եղավ, հոգի՛ս:


— Ի՞նչ կուզես, որ ըլլա. վայրկյան մը հանգիստ չեն թողուր, տուն կը նստիմ, վրաս կը թափվին, ստակ կ՛ուզեն, փողոց կելնեմ, չորս կողմս կը պաշարեն, ստակ կուզեն. ճաշարան կերթամ, բոլորտիքս կը շարվին, ստակ կուզեն. և ես ասոնց ձեռքեն խալսելու համար տունեն փողոց, փողոցեն տուն կը վազեմ։ Կաղաչեմ, ասոնց ձեռքեն խալսելու համար ո՞ր ծակը մտնեմ, ըսե՛ ինձի։


— Իրավունք ունիս. ես չե՞մ հասկնար. ինձի ալ թող տվի՞ն, որ սա թաղականին գործը պատմեմ։


— Քսան նամակ դեռ հիմա պատռեցի։


— Ի՞նչ ըսած էին այդ նամակներուն մեջ: