Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

— Ըսած էին, թե հետս գալ կուզեին տանս մեջ վարժապետություն ընելու համար, թե գիրք մը ինձի պիտի նվիրեն եղեր, և ասոր համար քսան ոսկի տալու եմ եղեր, թե լրագրի երկու բաժանորդ գրվելու եմ եղեր, թե... ի՞նչ գիտնամ, ո՞ր մեկը համրեմ, որ մեկն ըսեմ, դիմանալու բան չէ։


— Անոնք ալ աղքատ են խեղճերն, ի՞նչ ընեն։


— Ապրելու համար թող ուրիշ գործ մը փնտրեն, արհեստ մը սորվին, վերջապես ընեն, ինչ որ կուզեն. ես ի՞նչ հանցանք ուն իմ, որ կուգան գլուխս կը թափվին, եղբայր. ունեցածս չունեցածս հանևմ, անո՜նց տամ:


— Ինչո՞ւ անոնց տաս։


— Մարդս քիչ մ՛ալ ամչնալու է... չճանչած մարդուս երթամ և բարև, Աստծու բարին, ինձի ստակ տուր, ըսեմ... դուն կրնաս ըսել։


— Աստված ան օրը չցցունե:


Սենյակին դուռը նորեն բացվեցավ, և քսանհինգ տարեկանի մոտ միջահասակ պատանի մը դողդոջուն քայլերով ներս մտավ և նամակ մը հանձներ Աբիսողոմ աղային, որ նամակը չբանալով հարցուր բարկությամբ.


— Ի՜նչ կուզես, մարդ։


— Մեջը գրված է, պատասխաներ պատանին թոթովելով:


— Դուրսը մեջը քեզի ըլլա, ի՞նչ կուզես, ըսե՛։


— Վաղը իրիկուն ներկայացում մը պիտի տամ իմ հաշվույս համար, և ձեր ազնվության օթյակի մը տոմսակ բերի:


— Ես չեմ ուզեր, պատասխանեց Աբիսողոմ աղան՝ նամակն պատանվույն երեսը նետելով:


— Բռնությամբ գործ ալ չըլլար, ըսավ Մանուկ աղան:


— Տասը տարիե ի վեր, ըսավ պատանին, թատերական բեմին վրա կը քալեմ...


— Թո՛ղ նստեիր, պոռաց Աբիսողոմ աղան։


— Եվ ազգին ծառայություն կընեմ։


— Աղայություն ընեիր թո՛ղ, ինչո՞ւս պետք իմին, ատոնք պարապ խոսքեր են։


— Իրավունք ունի, ատոնք պարապ խոսքեր են, կրկներ Մանուկ աղան։