Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դուն զիս չես կրնար վռնտել. ես առնելիքս կուզեմ և ինձի պարտական եղողն ուր որ գտնեմ, հոն կրնամ մտնել:


— Դուն վար իջիր, ըսավ դերասանին Աբիսողոմ աղան:


— Ի՞նչպես իջնամ, տեսար, որ աչքիդ առջև ինչեր ըրավ:


— Մինչև որ ան չիջնա, ես քայլ մը չեմ առներ, կրկներ տպարանապետը։


— Մինչև որ ան չհեռանա, ես չեմ կրնար փողոց ելնել, ըսավ դերասանը։


— Մենք իջնանք ուրեմն, Մանուկ աղա, ըսավ Արիսողոմ աղան։


Դերասանը Աբիսողոմ աղային ծունկերուն փաթտվելով աղաչեց, որ ոսկի մը փոխ տա գոնե։ Աբիսողոմ աղան շատ ընդդիմացավ, բայց հետո տեսնելով, որ անոնց ձեռքեն ուրիշ կերպով փրկվելու ճար չկա՝ ակռաները կրճտելով հանեց բարկությամբ ոսկի մը տվավ տպարանապետին, որ շնորհակալություն հայտնելով դուրս ելավ։ Դերասանն ալ ներումն խնդրելով վար իջավ և գնաց։


— Ասոր ի՞նչ կըսես, Մանուկ աղա:


— Ըսելիք չմնաց, Աբիսողոմ աղա։


— Հրամանքդ վար իջիր, դուռն գո՛ցե և ապսպրե, որ չբանան դուռն։


— Շատ լավ։


— Որպեսզի այս դիշերը դռնե հանգիստ անցունենք և մեր ի՞նչ ընելիքին վրա խորհինք։


— Իրավունք ունիս։


— Շուտ ըրեք, վասնզի հիմա մեկիկ-մեկիկ կուգան:


— Հիմա կերթամ։


Մանուկ աղան վար գնաց իրեն տրված հրամանները կատարելու, և Աբիսողոմ աղան գլուխը բարձի մը վրա դրավ քիչ մը հանգստանալու համար։