Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺԱ

Աբիսողոմ աղան քանի մը ժամ քնացավ բազմոցի վրա: Սակայն զատելով այն ձայներեն, զորս կը բառնար քունին մեջ, կը հասկցվեր, թե խմբագիրներն, բանաստեղծներն և դասատուներն քունի մեջ ալ հանգիստ չէին թողուր զինքն, որ կը պոռար մերթ ընդ մերթ, «Գացե՛ք, կորսվեցե՛ք, ստակ չունիմ ա՛լ տալու»։ Երեք ժամու չափ այսպես հուզված մրափելեն ետքը մեկեն ի մեկ աչերը բացավ ա՜հ գոչելով։ Կարծես խմբագիր մը անոր կոկորդեն սխմելով խղդել կսպառնար զինքն, եթե չբարեհաճեր յուր թերթին բաժանորդ գրվելու։ «Տեր ողորմյա, տեր ողորմյա», պոռաց աչերը շփելով, «հանգիստ քուն մալ չունինք»։


Հետո ոտք ելնելով կազը վառեց և կանչեց Մանուկ աղան, որուն քիչ մը կերակուր ապսպրեց։ Քառորդե մը բերվեցավ կերակուրն, որուն հաջորդեց խահվեն, որուն ետևեն եկավ քունը։ Հանվեցավ Աբիսողոմ աղան և անկողինը մտավ քնանալու համար։ Հարկ չէ կրկնել, թե նույն գիշերն հանդարտ քուն մը չունեցավ։ Առավոտուն կանուխ ելավ անկողինեն, երեսը հագվեցավ, տունեն դուրս ելավ և շիտակ պարոն Դերենիկին գործատունը գնաց լուսանկար պատկերը քաշել տալու համար։ Գործատանը դեռ բացված չէր, և Աբիսողոմ աղան Բերայի փողոցներուն մեջ կը շըջեր, որպեսզի ժամանակ անցնի, և գործատունը բացվի: Ժամը չորսին (ըստ տաճկաց) բացվեցավ գործատունը, և Աբիսողոմ աղան սանդուխե մը վեր ելնելով մտավ սենյակ մը, որ լուս անկար պատկերներով զարդարված էր և ուր պարոն Դերենիկ նստած կը կարդար։


— Բարի եկաք, Աբիսողոմ աղա, սանկ հրամմեցեք, ըսավ պարոն Դերենիկ՝ սեղանի վրա դնելով լրագիրն։


Եվ հետո գրագրին դառնալով նշանացի հրամայեց անոր, որ խահվե բերեն։


Ժամ առաջ քաշենք սա պատկերս, որովհետև ստիպողական գործեր ունիմ, քանի մը մեծ մարդոց այցելություն պիտի ընեմ։