Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շատ աղեկ։


— Հիմա հոս պիտի գա, ես անոր ականջն ի վար կըսեմ, որ այս սափրիչը գոհ ըրե, որովհետև շատ հարուստ տուներ կը մտնե, կելնե և կրնա, եթե ուզե, գործդ ավրել։


— Գործը ի՞նչ է։


— Հարուստ աղջիկ մը կը փնտրե կոր:


— Աղեկ։ Ես ալ կըսեմ, որ քահանայեն զատ մեկու մը մի վստահիր։


— Շատ աղեկ։


— Աս աղեկ ճանբա է:


— Միամիտին մեկն է։


— Այո՛, դյուրահավան է, բայց կողոպտեր են մարդը, էֆենտիմ, կողոպտեր են. մենք շատ ուշ հասանք։


Աբիսողոմ աղան զվարթ դեմքով կը դառնա սենյակն, ուր քահանան սափրիչին հետ կը խոսեր։


— Ներեցե՛ք, Աբիսողոմ աղա, կըսե սափրիչն, ձեզի այդ խնդիրքն ընելուս համար, սակայն ես կարծեցի, թե կրնայի իմ կողմես ես ալ ծառայություն մընել ձեզ։


— Աբիսողոմ աղա, պետք է գիտնալ, որ, կըսե քահանան, մեր սափրիչ էֆենտին գրեթե մայրաքաղաքիս բոլոր հարուստ տուները կը մտնե, բոլոր աղջիկները կը ճանչնա։


— Ի՞նչ կըսեք։


— Այո՛, ինքն ալ բարի մարդ մ՛է, կատարեցեք խնդիրքը, մեղք է։


— Արժանապատիվ հորեն մի զատվիք, եթե անանկ միտք մունիք. տեր հոր ձեռամբ կարգված երիտասարդներն միշտ գոհ մնացած են։ Ուրախ եմ, որ ձեր գործը տեր հոր պես բանիրուն և գործունյա քահանայի մը ձեռքն ինկած է. վստահ եղեք, որ երջանիկ պիտի ըլլաք ձեր ամուսնության մեջ։


— Բայց դուք ալ պիտի օգնեք ինձի, տեր սափրիչ, կը հարե՛ քահանան։


— Ես ի՞նչ բանի կարող եմ...։


— Ձեր աջակցությունն ալ պետք է...: