Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կընեմ, ինչ որ կարող եմ ընել։


— Շնորհակալ եմ։ Աբիսողոմ աղան օտարական չէ, ազգային է, կարգվելու համար եկած է հոս, մեր պարտքն է օգնել իրեն։


— Հարկավ։ Աբիսողոմ աղային հետ ատելություն մը չունիմ ես, մանավանդ թե ինքը շատ բարի ու առաքինի մարդ մ՛է:


— Երեսին խոսիլ չըլլա, ընտիր մարդ մ’է։


— Պատվական մարդ է։


— Վրան նայես նե, կըսես, որ քիպարությունը վրայեն կը վազե կոր։


— Ո՞վ կը պնդե հակառակը, ես անոր թշնամին չեմ։


— Այսինքն թե որ քեզի ալ հարցվի նե՝ բարի վկայություն տաս։


— Անշուշտ։


— Աբիսողոմ աղան չիյ մարդ չէ, քեզի կը վարձատրե վերջը։


— Գլխուս վրա, գլխուս վրա։ Ա՜խ, տղուս վկայականն առնվեր անգամ մը։


— Հինգ օրեն ետքը, Աբիսողոմ աղա, հինգ օրեն ետքը պատրաստ են պատկերներդ, ըսավ պարոն Դերենիկ ներս մտնելով։


— Շատ աղեկ, պատասխաներ Աբիսողոմ աղան ու գործարանեն վար իջավ ընկերակցությամբ քահանային ու սափրիչին։


ԺԲ

Տիկին Շուշան, զոր ընթերցողն մոռցած չէ անշուշտ, Աբիսողոմ աղային տունեն տեղեկացած էր, թե... քահանան Աբիսողոմ աղան գտնելու համար պարոն Դերենիկի գործատունն գացած էր։ Ուստի որսն քահանային հափշտակել չտալու համար՝ հևալով կը վազեր դեպի պարոն Դերենիկին գործատունը, ուր կը հասներ ճիշտ այն վայրկենին, որում քահանան