Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սափրիչն վարպետությսրմբ ճանբելե հետո՝ Աբիսողոմ աղային կը բարոյախոսեր հետևյալ կերպով, «Ներեցե՛ք, որ քիչ մ՝ուշացա ճշմարտությունն ձեզի հայտնելու սափրիչի մասին։ Այս սափրիչը աներես մարդ մէ, բոլոր Պոլիս եկողներուն օձիքեն կը բռնե և անոնցմե ստակ կորզելու կաշխատի։ Անպիտանին մեկն է։ Իմ պարտքս է, որպես խոստովանահայր, զգուշացնել զձեզ այս կարգի մարդերեն, որք միմիայն քանի մը ոսկի հափշտակելու նպատակավ կը մոտենան հարուստներուն։ Ո՜րքան կատեմ այդ մարդերը։


— Շնորհակալ եմ ձեր բարեսրտութենեն և մարդասիրութենեն։


— Երես մի՛ տաք այդ մարդոց։


— Ո՛չ։


— Տեր պապա, դու ի՞նչ գործ ունիս Աբիսողոմ աղային հետ, կը հարցնե տիկին Շուշանն, որ, ինչպես ըսինք, հևալով հասած էր։


— Պզտիկ գործ մը:


— Ոչ, բնավ գործ պիտի չունենաս դուն անոր հետը. դուք ձեր պարտքը կատարեցեք և թող տվեք, որ մենք ալ մերինը կատարենք, ալ խպնեցե՛ք քիչ մը։ Երթանք, Աբիսողոմ աղա:


— Ոչ, դուք խպնեցե՛ք քիչ մը, մենք Աբիսողոմ աղային հետ պզտիկ գործ մ՝ունինք, երթանք, Աբիսողոմ աղա։


Եվ քահանան Աբիսողոմ աղային ձախ թևեն կը քաշե:


— Տեր պապայի մը չվայլեր ըրածդ։


— Լռե՛։


— Չպիտի լռեմ։


— Թո՛ղ տվեք թևերս։


— Թո՛ղ չեմ տար, կը պատասխանե տիկին Շուշան, իմ իրավունքս է։


— Ոչ, իմ իրավունքս է։


— Քանի մը հարյուր դահեկան առնելու համար կուզես, որ խեղճ մարդը թշվառ ընես, դուն աղջիկ չես ճանչնա: