Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մի՛ պոռար, պիտի թողում, որ կողոպտեր այս ազնիվ մարդն, այնպես չէ՞։


— Ինչո՞ւ կռիվ կընեք, ամոթ չէ՞... ես չեմ ուզեր աղջիկ


— Չըլլար, կը պատասխանե տիկին Շուշան, մենք քեզի աղջիկ պիտի գտնենք, բայց թե որ տեր պապային ձեռքով աղջիկ փնտրես, գիտցած եղիր, որ պատիվդ մեկ ստրկի կ՝ըլլա:


— Ընդհակառակն, քահանայի ձեռամբ աղջիկ փնտրողն է պատվավորը։ Երթանք, Աբիսողոմ աղա:


— Թող չեմ տար։


— Երթանք, Աբիսողոմ աղա:


— Թող չեմ տար, որ երթա, ես անոր աղջիկներ պատրաստած եմ, աղջիկտեսի պիտի երթանք։


Այս տեսարանը տեղի կունենար պարոն դերենիկի գործատան առջև, և անցնողներեն պզտիկ խումբ մը հանդիսականի պաշտոն կը վարեր անդ, երբ Մանուկ աղան ստիպված Աբիսողոմ աղան անպատճառ գտնելու եկավ հոն, տեսավ Աբիսողոմ աղան, արուն մեկ թևեն քահանան և մյուս թևեն տիկին Շուշան կը քաշեր, և մեկդի քաշելով զայն՝ քանի մը ծանր խոսքեր ուղղեց քահանային և տիկին Շուշանին և հեռացուր զանոնք։


— Ա՜հ, ըսավ Մանուկ աղան Աբիսողոմ աղային դառնալով, հանցանքը ձերն է, ամենուն երես կուտաք. ասոնք միմիայն քեզմե օգտվելու համար կը մոտենան քովդ։


— Իրա՞վ կըսեք։


— Ինչո՞ւ սուտ պիտի զրուցեմ։ Կարգվիլ կ՝ուզես, լավ. ես գտնեմ քեզի աղջիկներ, ընտրե՛ և ուզածդ առ։


— Աղեկ ըսիր։


— Պատվավոր ընտանիքե աղջիկներ ցուցնել տամ քեզի:


— Ցուցուր։


— Միջնորդով աղջիկ փնտրելու ժամանակը անցած է հիմա։


— Այդպե՞ս է։


— Մինչև անգամ ամոթ է։