Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըլլա: Եթե իմ ըսածս չելլա՝ այն ատեն հոս եկե՛ք և ինձի դեմ դատ բանալով՝ ձեր վնասը պահանջեցե՛ք։ Ձեզ տեսնեմ ազնիվ քյուրտեր, խոսքս մտիկ ըրեք և այս մասին վերստին խոսելու մի՛ ստիպեք զիս։ Կեցցե՛ն քյուրտերր...


Լրագրաց խոսքեն դարձյալ սկսա բան մը չհասկնալ։


Բեշթայեն առնված լուր մը կիմացնե, թե Ռուսիա վերջնական կերպով որոշեր է պատերազմ բանալ։


Ս. Բեթրսպուրկեն կիմացնեն, թե Ռուսիա վերջնական կերպով որոշեր է խաղաղությունը հաստատ պահել։


Արդյոք Բեշթայի մեջ պատերազմ բանալով՝ Ս. Բեթրսպուրկի մեջ խաղաղությո՞ւն պիտի պահե կըսես։


Ես ոչ մին կրնամ ըսել և ոչ մյուսը։


Երուսաղեմի կառավարիչն ալ տեղը մնա։


Սիոնի մեջ կը կարդանք, որ այս կառավարիչը հայ ննջեցյալ մը Բեթլեհեմեն Երուսաղեմ, Երուսաղեմեն Բեթլեհեմ պտտցնել տալով ամբողջ երեսուն ժամ անթաղ պահել տվեր է զայն։


Խեղճ ննջեցյալը հանցավոր է. մեռնելեն երեք չորս օր առաջ իմացունելու էր կառավարիչին, որ քեյֆը գա ու թաղման հրաման տա. շատ հավանական է, որ եթե քեյֆի ժամուն երթալու ըլլար՝ մեռնելու ալ հրաման չէր տար։


Ձեր ժողովրդյան ըրածը լրբություն և էտեպսիզություն է, կըսե, Երուսաղեմի սրբազան պատրիարքին արժանապատիվ թարգմանին, որ հանուն սրբազան Պատրիարքին բողոքելու գացեր է իրեն։


Ի՛նչ աղվոր լեզու... ինչո՞ւ այս մարդը Պոլսո վարժարաններուն մեկան մեջ չեն դներ, որ բարոյական դասախոսություն ընե։