Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կառավարիչին գործածած լեզուեն մենք այնպես կը գուշակենք, որ այս մարդը ավելի կառավարվելու համար ղրկված է Երուսաղեմ՝ քան թե կառավարելու համար։


Աչվընիդ լո՜ւյս... հյուրերուն ծայրը բրդավ։


Շոտորտի կոմսը եկավ։


Բարի եկաք, Շոտորտի կոմս... հրամմեցեք, շաքարո՞վ կը խմեք խահվեն, թե առանց շաքարի։


է՜ Շոտորտի կոմս, քանի որ Պոլիս եկաք, մեր հյուրասիրությունը կը պարտավորե զմեզ ձեր կոմսության քանի մը հրահանգներ տալ։


Նախ՝ աշխատեցե՛ք, որ դեսպանաժողովը Ստանպոլի կողմը չըլլա, որովհետև անձրևի օրերը կը պարտավորիք շատ փողոցներե շալակով անցնիլ։


Երկրորդ կամուրջեն անցած ատեննիդ, զգուշացե՛ք զայն նորոգելու զբաղող գործավորաց կացինեն։


Երրորդ՝ վարտա մը լսելնուդ պես՝ առանց ետևնուդ նայելու փախե՛ք։


Չորրորդ՝ փողոցի շուներուն հետ խստությամբ մի՛ վարվիք, եթե ոչ կը զղջաք վերջը։


Ընդունեցե՛ք, վսեմափայլ կոմս, խորին հարգանացս... հրահանգները։


Քիչ մը շուտ քալեցե՛ք, մարքի տը Սալիզպրի, կաղաչեմ, շուտ ըրե՛ք, ձեզի կը նայինք կոր. ոտքի վրա սպասել մի՛ տաք զմեզ։


Լսածնուս նայելով ձեր վսեմությունը օրը հազար ոսկի եկամուտ ունի եղեր։ Ո՜հ, որչափ գոհ կըլլայինք, եթե ձեր վսեմությունը միշտ հոս մնար, որովհետև մենք խոնարհ ծառայքս դեսպանաժողովեն ավելի ձեզի պես մարքիզներու պետք ունինք։


Կը կրկնեմ, շուտ ըրե՛ք, մարքի տը Սալիզպրի, եկե՛ր դեսպանաժողովը բացեք ու խաղաղությունը հաստատեցե՛ք,