Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս մասին խորհե՛, պարոն Կլաասթըն, և կարծիքդ ինձի հաղորդե՛, որ սա խնդիրներր չվերջացած, քիչ մը գործ տեսնենք։


Չերքեսներն ալ Ասիա փոխադրվելու են եղեր...


Ձարը չմոռնար այս խոսքը կրկնելու ամեն անգամ, որ քրիստոնեից վիճակին բարվոքմանը վրա խոսիլ կը հաճի, բայց կը մոռնա ըսելու, թե Ասիո հայերը ո՞ւր փոխադրվելու են։


Եթե ձարը բարեհաճեր գիտնալ, թե հայերն ալ քրիստոնյա են այս առաջարկությունը չպիտի ըներ, որովհետև անով ավելի չերքեսներուն վիճակը բարվոքած կըլլա, քան թե քրիստոնեից։


Արդյոք տերն մեր Հիսուս Եվրոպայի քրիստոնեից վրա ավելի՞ համակրություն ուներ, որ յուր երեսփոխանը, ձարը միմիայն Եվրոպայի քրիստոնեից վիճակը նկատի կառնե։


Հարկավ դեսպանաժողովին մեջ այս կետն ալ պիտի պարզվի։


Պուլղարիսի նախարարության անդամները գործերնին գիտցող մարդիկ են եղեր, անանկ հանցանքներ գործած են, որոց համար դեռ պատիժ մը սահմանված չէ եղեր օրինագրքին մեջ։


Հունաստան... ահա քեզի հանցանք գործելու քաղաք. եթե մեր պաշտոնյաներեն ոմանք առաջուց գիտնային այս գաղտնիքը՝ Հունաստան կը լեցվեին ու հոն պաշտոն կը վարեին։ Հիմա ալ կրնան երթաք, որովհետև, ո՛ գիտե, որչա՛փ պատիժնին չսահմանված հանցանքներ կան տակավին հոն, որոնք ասկից վերջք պիտի գործվին և չպիտի պատժվին։


Ներվի մեզ հարցունել, թե արդյոք կաշառակերության համար պատիժ սահմանված Է Հունաստանի մեջ։