Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատասխան տո՛ւր, ո՞վ Տիզրայելի, ինչո՛ւ կը մտմտաս, քսա՞կդ կորսնցուցիր։


Երեկ գիշեր ո՛ւր էիք, Շոտորտի կոմս, կերակուրնիդ ո՞ւր կերաք, ո՞ւր խմեցիք նայինք։


Դուք անցյալ գիշեր ո՛ւր էիք, մարքի տը Սալիզպրի. այս գիշեր ո՛ւր հրավիրյալ եք, աղվորիկ գինիները ո՛ւր պիտի տնկեք։ Մեզի կես բերան ըլլա հրամմեցեք մը չկա՞։


Ողջ եղեք, ու կերեք, խմեցեք, խնդացեք, բայց սա ըսեք մեզի, որ դեսպանաժողով մը գումարելու համար քանի ամիս կերուխում կըլլա ըստ օրինի։


Եթե ձեր դեսպանաժողովներն միշտ այսպես կսկսին, ըսել կըլլա, թե մենք հոս ամեն օր դեսպանաժողովներ կնենք եղեր:


Ժողովուրդը շատ անհամբեր է, դեսպանաժողովին մեջ խաղաղության հրեշտակը կուզե տեսնալ։ Կը փափագիմ, որ ժողովրդյան փափագը կատարվի, բայց չեմ կրնար հասկնալ թե ձեր մեջ հրեշտակ ինչպես կրնա ապրիլ։


Հունաց թագավորին ալ քանի մը օրե ի վեր քաշածը Աստված գիտե, վայրկյան մը հանգստություն չունի։


Առտվանց անկողինեն ելնելուն պես՝ մեկը կուգա։


— Վեհափառ, Քումանտուրոսը հրաժարականը ձեր վեհափառությանը կը ներկայացնե:


— Շատ աղեկ, ես զինքը կը տեսնամ անգամ մը։


Քանի մը վայրկյան կանցնի, չանցնիք, ուրիշ մը կը ներկայանա։


— Պաշտոնեությունը հրաժարականը կուտա։


— Թո՛ղ մնա հիմա։


Ետևեն ուրիշ մը կուգա։


— Քումանտուրոսը հրաժարականին վրա կը պնդե։


— Շատ աղեկ, առեք հրաժարականը, ըսելու չմնար, ուրիշ մը կը մտնա։