— Քումանտուրոսին տեղը ո՞վ դնենք։
— Տելի Յորկին գրեք։
Եվ կուզե քիչ մը բան ուտել, հազիվ թե պատառ մը բերանը
կը տանի, մեկը կը մտնա։
— Տելի Յորկին չուզեր կոր։
— Քոնթոսթավլոսին տվեք։
— Շատ աղեկ։
Թագավորն կը կարծե, թե հրաժարականի խնդիրն լմնցավ,
բայց պատառը բերանը նետելու միջոցին մեկը կը ներկայանա։
— Քոնթոսթավլոսն ալ չուզեր կոր։
— Տելի Յորկին ինձի ղրկեցեք։
Թագավորը սեղանեն ելնելու կստիպվի ու սենյակին
մեջ պտըտիլ կսկսի։
Դուռը նորեն կը բացվի։
— Տելի Յորկին չգար կոր, Քումանտուրոսին տեղը մեկը
ընտրեցեք շուտ մը։
— Բայց Տելի Յորկիին ըրածն ալ խենդություն է, ինչո՞ւ
չընդունիր կոր։
Թագավորը բարկությունը անցունելու համար վար կիջնա,
պարտեզին մեջ կը պտըտի։
Մարդ մը կելլա դիմացը։
— Քումանտուրոսին տեղը պարապ է։
— Դուն գնա՛, նստե՛։
— Չեմ ընդունի՛ր։
— Տելի Յորկին ինձի ղրկե՛։
Թագավորը պառկելու կերթա, հազիվ թե աչքերը կը
գոցե, սենյակին դուռը կը զարնվի, թըք, թըք, թըք։
Թագավորը գիշերազգեստով կ՝ելնե ան կողնեն ու կը
հարցունե.
— Ի՞նչ կա դարձյալ։
— Տելի Յորկին չի կրնար կոր գալ, տեղը պարապ պիտի
մնա այս գիշեր։
— Թող այս գիշեր անանկ անցնի, վաղը բան մը կրնենք:
— Ինչո՞ւ թագավորը քիչ մը հանգիստ չեք թողուր, կը
պոռա անդիեն թագուհին։