Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սա պաշտոնական գրությանց մեջ անանկ ձևեր կը գործածվին, որ մարդս տարի մը շարունակ կը խնդացունեն։


Այս դիվանագետ ըսվածները երբեմն իրարու անանկ նամակներ կը ղրկեն, որոց մեջի պահանջումներով անուղղակի զիրար կը նախատեն և վերջը կստորագրեն.


«Կը խնդրեմ, բարեհաճեցեք ընդունիլ իմ խորին հարգանացս անկեղծ հավաստիքը»։


Այնպես մը ըսել, որ եթե Աստված մի՛ արասցե անկեղծ հավաստիքը չընդունի՝ խաթրը պիտի մնա։


Շիտակը աղեկ երես... եթե ես դիվանագետ մըլլայի պարզապես կ՝ըսեի. ընդունե՛, իմ խորին նախատանացս անկեղծ հավաստիքը, ան ալ կուզես նե՝ ընդունե, ինչպես որ ասկե առաջ մի քանիներու գրած եմ։


Մարդու գլուխը կտրել և վերջեն դիակին առջև ծունկ լոքելով ըսել.


— Ընդունե՛, կ՝աղաչեմ, չըլլա որ չընդունիս, ընդունե իմ բարեկամական անկեղծ զգացումներս, մեր վաղեմի բարեկամությունը միշտ հաստատ պիտի մնա։


Իմ ընելու բանս չէ... Աստված իրենց շնորհք տա։


<37>

Պոլիսեն Եվրոպա ղրկված լուրերուն նայելով՝ Պոլսո լուրերը գոհացուցիչ են եղեր...


Մարքի տը Սալիգպրի և ժեներալ Իկնաթիեֆ խոսած ատեննին իրարու կը խնդան եղեր, հետևաբար երկուքն ալ զիջումներ ընելու հակամետ են եղեր...։ Ավելորդ չէ ըսել, որ երբ այս երկու դիվանագետները խնդալն ճաթին, այն ատեն խաղաղությունը կատարյալ պիտի ըլլա. իսկ երբ տխրությունը ա սոնց դեմքերուն վրա յուր սև թևերը տարածե (բանաստեղծություն ալ քիչ մը պետք է), այն ատեն, ո՜հ այն ատեն վստահ եղեք, որ խաղաղությունը մեր ձեռքը թոթվելով՝ մնաք բարով պիտի ըսե։


— Ո՞ւր կերթաք, ո՜վ խաղաղություն, քիչ մալ նստեցե՛ք, մեզի այսչափ շուտ թողուլ երթալ ի՛նչ պիտի ըլլա: