Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռուսիո մեջ պատերազմի պատրաստությունները մեծ փութով հառաջ կը տարվին։


Հրաման տրված է, որ Կովկասու բանակը Ասիո կողմեն հարձակելուն պես՝ Դանուբյան բանակն ալ Եվյրոպայի կողմեն հարձակի։


էյ, մենք ո՞ր կողմեն պիտի հարձակինք հապա...


Նույնպես հրաման տրված է Իկնաթիեֆին, որ ամեն բան իր գլխավորին չհարցունե ու ժամ առաջ գործը լմնցունե։


Կը թվի, թե Կորչաքոֆ ինք ալ սկսավ ձանձրանալ յուր հյուծողական քաղաքականութենեն։


Մոռնալու չէ նաև, որ Ռուսիան մեծ զոհողություն մը ըրած է, անանկ զոհողություն մը, որ Ռուսիայեն չէր սպասվեր. այս զոհողությամբ Ռուսիան կը պահանջե, որ գոնե չեզոք տերություն մը գրավե սա Պուլղարիան։


Ի՜նչ մեծ զոհողություն... պատերազմելու համար։


Ռերթերնուս այս մասը կնքելու միջոցին հետևյալը ստանանք... Խմբագիր


Ստորագրյալս, նախագահ ձկանց երեսփոխանական ժողովին, ի դիմաց ձուկերու կուգամ հետևյալ տողերը ներկայացունել օտար տերությանց ներկայացուցիչներուն։


Ցավալի ճշմարտություն մէ, որ այս աշխարհիս մեջ մարդկության ծառայություն մատուցանողները միշտ կը վնասվին ու վնաս հասցնողները կը վարձատրվին ու կը բարձրանան։


Տասնևիններորդ լուսավորյալ դարուս մեջ, ուր իրա հավասարություն ու կենաց ապահովություն կը քարոզվի, մեր իրավունքը կը բռնաբարվի և մեր կյանքը կը կորսվի, թեպետ և նախորդ դարերուն մեջ ալ մեր ժողովուրդը մեծ ջարդ կրած է, մանավանդ Պետրոս առաքյալեն, այն վարպետ ձկնորսեն, որուն չեն կրցած տակավին հավասարիլ Քում Քաբույի ձկնորսներն անգամ։