Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ տեսնամ, որ դատ մը տասը տարիե ի վեր չվերջանար՝ պիտի ըսեմ դատավորին. «Դուն այս տեղը դատերը չլմնցնելո՞ւ համար նստած ես. տերությունը անոր համա՞ր քեզի ամսական կուտա, որ դատերը երկնցնես, որպեսզի մուպաշիրները պարապ չմնան»։


Բայց ի՞նչ օգուտ, ասանկ անկարգությունները չպիտի կրնամ տեսնել, որովհետև սահմանադրությունը պիտի վերցունե զանոնք։


Առաջվան պես թերություններ չպիտի ըլլան։


Մարդ ու կանոն ամեն կողմ տիրելով՝ թող չպիտի տան, որ Թատրոնը զեղծում մը տեսնե ու հարվածե, Թատրոնն ալ զեղծում մը չգտնալով՝ պիտի ստիպվի կանոնները հարվածել։


Հիմակու հիմա սպասենք և խանձարուրքի մեջ եղող սահմանադրության վրա ասկե ավելի չխօսինք։


Սեբաստիայի դեպքին ի՞նչ կըսեք։


Քանի մը թյուրքեր կամ քյուրտեր թմբուկով եկեղեցի մտնեն ու պատարագիչ քահանային մորուքը ածիլելով եկեղեցվույն մեջտեղը կը խաղցունեն։


Ահա դեպք մը, որուն հարստահարություն անունը չենք կրնար տալ, որովհետև գործին մեջ ոչ գանակոծություն կա, ո՛չ ալ սպանություն, այլ խնդություն և ցնծություն։


Բայց քահանային մորուքը ածիլելը քիչ մը անվայել թվեցավ մեզ, ուստի և պետք է որ ածիլողներուն ալ մորուքները ածիլվին, որպեսզի չելլան վաղն ալ ոտք կոխեն, թե բոլոր սեբաստացիներն մորուք թող տալու են։


Պատրիարքարանի գալովն կը խրատենք զինքը, որ այս դեպքեն օգուտ քաղելով՝ մորուքնին ածիլվելիք կրոնավորները ասկից ետքը Սեբաստիա ղրկե։


Առևտուրներու նվազութենեն ամեն մարդ ընդհանուր, ժողովին անդամ ըլլալու կը պատրաստվի կոր, և եթե ամենքն