Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


<43>

Ստույգ աղբյուրները ցամքած են...


Ո՜վ սախաներ, ստույգ աղբյուր մը ցույց տվեք ինձ, որ դեսպանաժողովս հինգշաբթի ավուր նիստին վրայոք քանի մը կաթիլ լուր առնեմ ու ընթերցողացս ծարավն անցունեմ։


Հետաքրքրությունը որկրամոլություն է, ըսավ գրիչ մը, տեսնելը կամ իմանալը կշտանալ է։


Մենք քանի մը ատենե ի վեր որկրամոլության վերջին ծայրը հասած ենք։


Դեսպանաժողովս անգամները խոստովանահայր ըլլալու մարդիկ են. քանի մը շաբաթե՝ ի վեր Ռուսիան ու Թուրքիան խոստովանանք կընեն, անոնց մեղքերը կ՝իմանան, բայց գաղտնիքը դուրս չեն հաներ։ Այս մարդիկ ավելի գաղտնապահ ըլլալու հարմարություն ունին՝ քան թե հաշտարար։


Պտըտող զրույցներուն նայելով՝ մեր կառավարությունը մերժեր է իրեն եղած առաջարկությունը, բայց իր մերժման մերժումով պատասխանվեր է։ Նստող զրույցներուն նայելով՝ մեր կառավարությունն ալ զոհողություն ընելով՝ պատերազմի երկյուղները պիտի փարատե եղեր։ Պտըտողներուն հավատանք, թե նստողներուն։


Ցատկող լուրերուն նայելով դեսպանաժողովը Վիեննա պիտի մեկնի և հոն պիտի ընե եղեր յուր նիստերը... մինչև հիմա եղած նիստերը ասկից վերջը ուր նստելիքնին որոշելու համար էին։ Դեսպանաժողովին տեղը փոխելու տեղ ավելի լավ չէր ըլլար՝ եթե անոր անդամները փոխեին։


Պառկող լուրերուն նայելով՝ ուլթիմաթումը Վիեննայեն պիտի ղրկեն եղեր... Վիեննայի մեջ աղեկ ուլթիմաթում ալ կելլե եղեր, մենք գիտեինք, որ միայն գարեջուրն աղեկ է։ Եթե ուլթիմաթումնեն ալ իրենց գարեջուրին պես է՝ ուշադրությամբ խմելու է, որովհետև մեջը ափիոն կը գտնվի և կրնա մեզի չափեն ավելի քնացունել։


Մեր թշնամին իր խելքովն այնպես համոզված է, որ իրաց այս վիճակը որչափ ավելի երկարի այն չափ ավելի կը