Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հինգերորդին մեջ այդ բացատրություններուն մութ կետերը կը լուսավորվին։


Վեցերորդին մեջ լուսավորյալ կետերը կը մթննան։


Ահա քեզի վեց նիստ՝ որ մեկ նիստ շարժեր։


Մենք ալ կսպասենք, որ քիչ օրեն ամեն բան լմննա, որպեսզի առևտուրը կանոնավորվի և ամեն մարդ ինչ ընելիքը գիտնա։


Ես ալ շատ սակարկություն ըրած եմ, բայց այսչափ չեմ երկնցուցած։


Պատվավոր մարդ մը կըսե.


— Այսչափ կրնա՞ս տալ։


— Չեմ կրնար տալ։


— Խաթերդ համար մեկ երկու փարա ալ կը ձգեմ։


— Գործիս չգար։


— Բարի եկար, հազար բարի։


Լմնցավ, գնաց։


Եկուր հիմա ասոնց ըրածին.


— Ինչո՞ւ չես կրնար տալ։


— Տալու ըլլաս նե՝ գեշ չըլլար։


— Չտաս նե՝ վախճանդ գեշ կըլլա։


— Մենք կը փափագինք, որ տաս։


Թո՛ղ ներեն մեզի վեց տերությանց ներկայարուցիչները, իրենց ըրածը ասկից առաջ շուկայի թեզկյատարները կնեին. անցնողներուն փեշեն կը քաշեին, խանութնուն մեջը կը նստեցնեին ու համոզելով ստակնին կառնեին։


Թո՛ղ դարձյալ ներեն մեզի այդ այլ և այլ պատվանուններով ներկայացուցիչները, անընդունելի առաջարկություններ կընեն ու կըսեն թե՝ մեր աղեկությանը համար կաշխատին կոր։


Մեկը յուր ստացվածքեն կապտել և վերջը ըսել, թե քու աղեկությանդ համար անանկ ըրի, կարծեմ քիչ մը տրամաբանական չէ, դու ի՞նչ կըսես, Օգսեն էֆենտի։


Տեսեք ուզածնին ալ ինչ է։


Ա. Քարատաղին քիչ մը տեղ տալ։


Բ. Սերվիա սահմանը ընդարձակել (քիչ մը տեղ ալ Սերվիո տալ, ըսե լմնցուր, ճարտասանությունը չվիրավորվիր)։