Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գ. Պուլղարիո մեջ երկու առանձնաշնորհյալ գավառ կազմել (ինքնօրինություն ըսե. մի՛ վախնար)։


Դ. Ամեն նահանգի ժողովրդյան մեծագույն մասին լեզուն գործածել իբրև պաշտոնական լեզու (տաճկերեն լէզուն վերցնել)։


Ե. Հիշյալ գավառաց տուրքերը քիչցնել (հապա լրագրաց փո՞ւլը... հա, իրավ, լրագիրները գավառ չեն)։


Քաղաքական ոստիկանություն կազմել (հավիտյանս, հավիտենից ամեն)։


Եթե ասոնք տալու ըլլանք՝ մեզի համար ասկից աղեկ բան չկրնար ըլլալ եղեր, սըվոնք տալու մեջ ի՛նչ աղեկություն կա մեզի համար, չկրցի հասկնալ։ Ի՞նչ բարերար մարդոց ձեռքը ինկանք։ Աստված իմ, եթե Աստված չընե, վաղը ելնենք իրենց ըսենք թե մեզի քիչ մը բարություն ըրեք՝ Պոլիսը տվեք, պիտի ըսեն։


Ասոնց խոսքին նայելով՝ մեզի համար աղեկությունը ունեցածնիս չունեցածնիս ասոնց հանձնել է։


Կան ըսելիքներ, բայց չեն ըսվիր։


Լրագրի գուշակությանց ի՞նչ կըսեք, աղվորիկ մը կը զվարճանաք կոր ա՛։


Լրագիրը կրսե.


Իրերը տրամաբանական քննելով՝ պատերազմ չպիտի ըլլա, իսկ եթե ըլլա՝ ոչ տրամաբանական պիտի ըլլա։


Լրագիրը գիտնալու Է, որ ժողովուրդը ավելի հետաքրքիր է իմանալ, թե պատերազմ պիտի ըլլա, թե ոչ, քան թե ըլլալիք կամ չըլլալիք պատերազմը տրամաբանական պիտի ըլլա՝ թե ոչ տրամաբանական, որովհետև ժողովուրդը պատերազմեն վնաս ունի և ոչ թե անոր տրամաբանական կամ ոչ տրամաբանական ըլլալեն։


Պատերազմները լրագրի հոդվածները չեն, որ ամեն մարդ անոնց մեջը տրամաբանություն փնտրելու ելնե։


Ահա ասոր համար Է, որ այսօր աշխարհիս վրա չկա լրրագիր մը բացի Լրագիրե, որ հաստատապես պնդե, թե պատերազմ պիտի ըլլա, կամ չպիտի ըլլա։