Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չեմ հիշեր երազիս մեջ թե չէ Փունջի մեջ կարդացի, որ Տրապիզոնի դեպքին քննիչ կարգված Մարգարյան և Մելիքյան էֆենտիները, որք Տրապիզոն երթալով և իրենց հրատարակածը հոն վավերական դրություններով հաստատելով քանի մը շաբաթ առաջ մայրաքաղաքս դարձած են, իբրև զրպարտիչ պիտի պատժվին եղեր։


Եթե առաջուց գիտնային մեր պաշտոնակիցները, որ դեպք մը հաստատողը իբրև զրպարտիչ կը պատժվի, անշուշտ չէին աշխատիր իրենց դրածն ապացուցանելու։


Քաղցր է մեզ հուսալ, որ բարեխնամ կառավարության կողմե թող կը տրվի մեր պաշտոնակիցներուն՝ երկրորդ անգամ Տրապիզոն երթալ և աշխատիլ, որ գրածնին սուտ հանեն։


Գոհությամբ կիմանանք, որ լրագրաց փուլը պիտի վերնա։


Իսկ եթե չվերնա՝ որոշած ենք մեր թերթերուն յուրաքանչյուրին երկերկու փուլ փակցունել։


Նախ՝ գանձուն մեծ ծառայություն հատուցանելու համար, եթե փուլի նպատակն է գանձը հարստացնել:


Երկրորդ՝ մեր արժանի պատիժը կրելու համար, եթե փուլի նպատակն է խմբագիրները պատժել։


Եվ այս ծառայությանց փոխարեն ինքզինքնիս ընտրեյի պիտի առաջարկենք գումարելի երեսփոխանական ժողովին։


Շատերը կը հարցունեն մեզ, թե այս տարի նոր տնօրինություն մը չպիտի ընենք թերթերնուս նկատմամբ։


Կ՛աղաչենք, որ այս հարցումը չընեն մեզ, որովհետև եթե նոր տնօրենություն մը ընել հարկ ըլլա՝ թերթերնիս զազրեցնելու տնօրենություն մը ընելու պիտի պարտավորինք։


Երեք զավեշտական թերթ դադրեցան առ ի չգոյե ընթերցողաց և կը հուսանք, որ Թատրոնը չորրորդ և վերջին պիտի ըլլա։