Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<47>

Դարձյալ Հիսուս արևելյան խնդրույն մեջ...


Ռուս լրագիր մը Հիսուս և պատերազմ վերնագրով հոդված մը հրատարակած է, որուն մեջ խոսքը այնպես բերեր է, որ եթե սլավ գավառաց ազատությունը ձեռք չբերվիք Հիսուս պիտի զայրանա ձարին դեմ։


«1876 տարի է, որ, կըսե հիշյալ լրագիրը, Հիսուս աշխարհ եկած է, և այսօր բոլոր քրիստոնյայք ինքզինքնուն կը հարցունեն.


Մարդկությունը չպիտի պաշտպանենք։


Սլավ քրիստոնյաները ճնշյա՞լ պիտի թողունք»։


Ի՞նչ վերաբերություն կա, ո՜վ Կոլոս, Հիսուսի 1876 տարիե ի վեր աշխարհ գալուն և արևելյան խնդրույն լուծվելուն մեջ, միթե Հիսուս Պոսնայի, Հերսեկի և Պուլղարիո ազատության համար աշխարհ եկավ։


Ի՞նչ հանդգնություն է աս, որ երբեմն թագավորներն անգամ կընեն, մարգարեներն և զԱստված իրենց համակարծիք ցույց տալով։


Եթե այս հանդգնությունը չպատժվի՝ վաղը կամ մյուս օր Կորչաքոֆ իշխանը հանուն Հիսուսի խոսելով պիտի սկսի գրել մեզի.


Հիսուս չկրնար հանդուրժել, որ սլավ քրիստոնյաները ճնշվին. Հիսուս կը պահանջե, որ ապստամբյալ գավառաց առանձնաշնորհություն տրվի. Հիսուսի շահը այնպես կը պահանջե, որ Թուրքիա իրեն վերջնական կերպով ըլլալիք առաջարկությունները ընդունի և սլավ քրիստոնյաներուն ազատություն շնորհե։


Եվ այսպես խոսելով՝ ռամիկ ժոդովրդյան այնպես պիտի կլլեցունե, թե Հիսուս խտրություն կը դնե հայ և սլավ քրիստոնեից մեջ, թե Հիսուս սլավները հայերեն շատ... ոչ... հայերը սլավներեն նվազ կը սիրե։


Զրպարտություն X Զրպարտություն + Անիրավություն — Մարդկություն = Սլավություն։