Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<48>

Վա՜հ, վա՜հ, վա՜հ...


Իկնաթիեֆին սիրտը կոտրեցինք...


Դեսպանաժողովին առաջարկությանց չընդունվելուն վրա ինչքան արցունք թափեց խեղճը...


Իկնաթիեֆ կայր ի սուգ անմխիթար ընդ չու դեսպանաժողովո, և չարաբաստիկ առ վշտին թուեր նմա դեսպանութիւն։


Շատ ցավեցա, կըսե Բարձրագույն Դռան, յուր վերջնագրով, դեսպանաժողովո առաջարկությունները չընդունվելուն վրա. չհուսացի, որ ինձի պես մտերիմ բարեկամի մը խոսքերը մերժեիք, բայց որովհետև մերժեցիք, ա՛լ ուրիշ ըսելիք չմնար ինձի, բայց միայն աղոթել, որ այդ ըրածնուդ վրա չզղջաք։


Ցավակցություն հայտնելեն ետքը՝ պատասխանատվությունն ալ մեր վրա կը ձգե, ճիշտ այն մարդուն պես, որ ուրիշի մը իրավունք կապտել ուզելով կըսե անոր.


— Քու բարեկամությանդ համար կառաջարկեմ, որ տունդ իմ վրաս դարձունես։


— Ինչո՞ւ։


— Որովհետև մարդկությունը այսպես կը պահանջե, որովհետև քու տունդ ինձի պետք է։


— Ինչո՞ւ համար։


— Ինչո՞ւ համար... տեր ողորմյա, քրիստոնեից վիճակին բարվոքման համար։


— Չեմ ընդունքիր։


— Ատանկ է նե՝ պատասխանատվությունը քո վրադ կը մնա. ես անմեղ եմ աշխարհի առջև։


Ի՜նչ անմեդություն...


Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛...


Երբեք այսչափ խնդացած չէի կենացս մեջ... հասկցա՞ք, ինչու համար կը խնդամ կոր։


Լրագրի քաղաքական հոդվածներեն մեկը կարդացած ըլլալու ես։