Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չեմ լար կոր, ընթերցող, կը խնդամ կոր: Տեսե՛ք ինչո՛ւ կր խնդամ կոր։


Մեր կառավարությունը բոլոր դեսպաններուն մեյ մեկ ոսկեգոծյալ սահմանադրություն նվեր ըրեր է։


Ի՞նչ աղվոր պատասխան դեսպանաժողովս առաջարկությանց...


Հիմա այս դեսպաններուն յուրաքանչյուրն իրենց կառավարության ներկայանալնուն պես իրենց պիտի հարցվի.


— Ի՞նչպես եղավ, որ չհաջողեցաք բանի մը կապելու սա խնդիրը։


— Մինակ ա՞տ կա կապվելու...


— Բան մը չկրցի՛ք ձեռք բերել։


— Օսմանյան կառավարությունը մեզի մեյ մեկ հատ ոսկեզոծյալ հապ... հապը ի՞նչ էր... ոսկեզոծյալ սահմանադրություն տվավ։


— Ուրի՞շ։


— Ուրիշ բան մալ չտվավ։


— Այ, անպիտաններ, ա՛յ, այսչափ ծախք ըրինք ձեզի հոն ղրկեցինք նե՝ մեյ մեկ սահմանադրության տետրակ առնելով ետ դառնալու համար էր։


— Ատ ալ չտար նե՝ ի՞նչ պիտի ընեինք։


— Ըսել կ՛ուզեր, որ ատով շատ անանք հիմակուհիմա։


Միսաֆիր ումտուղունու եեմեզ, պուլտուղունու եեր կըսեն, հա՛։


— Աս քիչ կուգա նե՝ երթամ սահմանադրություն մալ առնեմ գամ...


Ինքզինքնին փիլիսոփա կարծող սա եվրոպացիներուն ձեռքը մեյ մեկ սահմանադրություն թխմելով տեղերնին ղրկելնիս խնդալու բան չէ՞... գոնե առժամանակյա կերպով։


Եվ սա մարդոց մայրաքաղաքես երթալը շատ աղեկ եղավ. հոս եղած ատեննին կարծես նեղություն մը կը տիրեր Պոլսո մեջ։


Ասոնց երթալեն անմիջապես ետքն էր, որ սաստկաշունչ հողմերը դուլ և անձրևները դադար առին, ատ մարդիկ թող