Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջապես ամեն կողմե մեր լորտ եղբայրներուն ուշադրությանը արժանի է։


Տյարք իմ, այն կղզիին մեջ կերանք մենք ստրիտյաներ, որք շատ համով են, և մանավանդ Պորտոյի գինիով շատ աղեկ կուտվին կոր։ Եթե ժողովդ կը բարեհաճի, քվեի դնե, օր մը որոշե մեկտեղ ուտենք այդ ստրիտյաներեն:


Ձայն մը. — Ժողովս վստահություն ունի ձեր վրա։


Կաղաչեմ բարլամենթոին նախագահը, որ բարեհաճի այդ ստրիտյաները թագուհվույն հանձնարարել։ Իրաց այս վիճակին մեջ Պոլսո փողոցներն ալ կը պտըտեինք, ժողովուրդը առաջի բերան շատ սիրով ընդունեց զիս, բայց վերջեն սալաշպուր, սալաթ պորու դրավ իմ անունս։


Այն տեղի ժողովուրդը գլուխը կարմիր բան մը կը դնե կոր, վրայեն ալ սև դերձաններ կը կախե կոր, օղին ալ շատկեկ կը խմեն կոր։


Խոսքս եզրակացնելով կըսեմ թե՝ ըստ ձեր հրամանաց քոնֆերանսը ըրինք, և ըստ ձեր հրամանաց քոնֆերանսին մեջ բան մը չըրինք։


Ծափահարությունք։


Օրը հազար ոսկի եկամուտ ունեցող մարքի տը Սալիզպրին ատենաբանությունը լմնցնելուն պես երթա յուր աթոռը պիտի նստի և ժողովը միաձայն հավանությամբ շնորհակալության քվե պիտի տա Սալիզպրիին։


Եվ իրոք, Սալիզպրին՝ եթե ճշմարտախոս մարդ է՝ ուրիշ կերպ չպիտի կրնա խոսիլ։


Սպասենք ու տեսնենք։


Սա Կորչաքոֆը ուրիշներուն գործին մեջ մտնելը շատ կը սիրե կոր, մեր թրիստոստուր էֆենտիին պես, որ ազգին ծառայություն պիտի ընեմ ըսելով ամեն պաշտոններու մեջ կը մտնե։


Կորչաքոֆը հիմա սկսեր է մյուս տերությանց հարցունել, թե ինչ ընթացք պիտի բռնեն։