Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Լավ, Միտհաթ փաշայեն զատ տերության օգտակար ուրիշ փաշաներ ալ կան, ինչո՞ւ այդ խեդճերը հոս պահել և վհատեցունել, զանոնք ալ Միտհաթ փաշային հետ մեկտեղ ղրկելու էր։


Բայց գլուխ կելլա՞ այս գործը, վերջեն փաշաներուն ամենն ալ մեկիկ մեկիկ դուրս ղրկել պետք պիտի ըլլա, որովհետև ամենն ալ ծառայություն մատուցած են, կամ պիտի մատուցանեն։


Ի՞նչ ըսիր, Լեվընթ եղբա’յր, չըլլա որ դուն ալ Անգղիո մեծ ծառայություններ մատուցած ըլլալուդ պատճառավ օդափոխության համար հոս ղրկված ըլլաս։


Պատասխան տո՛ւր, եթե չունիս՝ Լա Թյուրքիեն փոխառություն մը ըրե՛, վնաս չունի, Լա Թյուրքին այնչափ փոխառություն ըրած Է քեզմե։


Լեվը՜նթ... Լեվը՞նթ...


Այս Հավաս և Պորտեանո ըսված մարդերը իրարու հետ մրցելու համար, այսինքն լուրերը շուտ տալու համար, շատ անգամ մեզի սուտ լուրեր կուտան կոր, և մեր մեծապատիվ խմբագիրներն ալ ապուշի պես կը հավատան ու կը հրատարակեն կոր։


Հեռագիրը անցյալ օր լուր բերավ, թե սրբազան պապը վերջնական կերպով մեռավ, որովհետև այս պապին մահը մեր դեսպանաժողովո վերջին նիստերուն կը նմանի, մինչև այսօր հարյուր անգամ մեռավ, օր մը ետքր լուր եկավ, թե սրբազան պապը չմեռավ։


Ասոր պատճառն այն Է, որ սրբազան պապը քիչ մը հիվանդացած ըլլալով՝ Հավաս Պորտեանոյեն առաջ լուր տված ըլլալու համար զայն մեռած հրատարակեց, առանց մտքեն անցունելու թե սրբազան պապը կրնա զինքը պզտիկ ձգել։


Հավասին մեկ ուրիշ գործն ալ պատմեմ, որպեսզի հասկնաք, թե այս մարդը լուրերը շուտ տալու համար՝ ինչ հանդըգնություններ կընե։