Սերվիո մեջ գտնվող այս Հավասին գործակատարը, Հերսեկի ապստամբության տաք ժամանակները, իմանալով, որ Միլան իշխանին տիկինը հղի է, կելլա օր մը իրեն կերթա։
— Իշխանուհի՛, կըսե, ձեզի բան մը պիտի աղաչեմ։
— Կրնաք աղաչել։
— Ներեցե՛ք, ընելիք հանդգնությանս, բայց մեր գործը
կը պահանջե, որ քիչ մը հանդուգն ըլլամ։
— Ի՞նչ կուզեք:
— Ձեղի բան մը պիտի հարցունեմ։
— Հարցուցե՛ք։
— Իշխանուհին երբ պիտի հաճի աշխարհ բերել յուր
զավակը։
— Կր կարմրցնեք զիս։
— Կաղաչեմ, ըսեք... կը վախնամ, որ Պորտեանոն ինձմե
առաջ կուտա այդ լուրը և ես հացես կը զրկվիմ:
— Զարմանալի հարցում մը կըներ։
— Շատ երախտագետ պիտի ըլլայի ձեզի, եթե ըսեիք՝
թե բերելիք զավակնիդ մանչ է, թե աղջիկ, թեպետև ձեզի
համար մեծ նշանակություն չունի, բայց քաղաքականի կերպարանք
ունի ձեր զավակին գալիք օրը առաջուց գիտնալը։
— Քանի որ քաղաքականի կերպարանք ունի, Միլան իշխանին հարցուցեք, քաղաքական խնդիրները ան աղեկ գիտե։
— Շատ լավ, կըսե ու Միլանին քովը կառնե շունչը։
— Կը խնդրեմ, իշխան, բարեհաճիք ինձ ըսել ձեր զավկին
գալիք օրը, որովհետև բոլոր աշխարհի հեռագիր պիտի
քաշեմ։
— Շնորհակալ եմ, կը հուսամ, որ ամիսե մը կուգա։
(Ինչպես եղեր է, որ Միլան Կորչաքոֆին չհարցուցած
վճռողական կերպով պատասխան մը տվեր է, որովհետև
Կորչաքոֆին չհարցուցած՝ բան մը չխոսիր)։
— Կրնա՞մ վստահ ըլլալ ձեր խոսքին և իբրև ստույգ աղբյուրե
քաղված լուր մը ըմբռնել ձեր ըսածը, չըլլա՞ որ խաբե՛ք
զիս, իշխան։
— Վստահ եղիր։