Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչ և է, որովհետև իշխանություն չունինք ուրիշի խոսելու ազատությունը բռնաբարել, թողունք իրենց խոսիլ և մեր խնդիրներովը զբոսնուլ, այո՛, զբոսնուլ, որովհետև չգիտեմ թե բարլամենթոյին մեջ ի՛նչ պիտի խոսեին մեր անգղիացի եղբայրները՝ եթե արևելյան խնդիրը չըլլար։


Իսկ մենք քսան օր ալ սպասենք, որպեսզի խավարը յուր թևերը վեր առնե ու մեր խնդիրք իր ապագայովը մեկտեղ ինքզինքը ցցունե։


Սպասելեն ուրիշ ճար չունինք։


Ուրախացեք, Սերվիո հետ քիչ օրեն հաշտություն պիտի կնքենք։


Անիկա սատանայի մտիկ ընելով մեզի դեմ սուր քաշած ըլլալուն համար ներումն պիտի խնդրե. մենք ալ քաղաքավարության օրինաց դեմ Ալեքսինացը ձեռքեն առնելնուս վրա ցավ պիտի հայտնենք:


Ասոնք աղեկ։


Հիմա մենք ալ գիտնալ կուզենք թե՝ Սերվիո հաղթած ըլլալնուս համար ինչ տուգանք պիտի տանք իրեն, մանավանդ ի՛նչ բարիքներ պիտի ընենք իրեն՝ հաղթվելու բարեհաճած ըլլալուն համար:


Ազգովին շնորհակալ ըլլալու ենք իրմե, որ պատիվ ունեցավ մեզմե հաղթվելու, և քանի մը քաղաքներ տալու է իրեն մեր երախտագիտությունը հայտնելու համար, որովհետև եթե հաղթելու ըլլար՝ գիտե՞ք ինչ պիտի կորսնցնեինք։


Արդյոք ա՞յս մտքով է, որ Սերվիո պզտիկ բան մը տրվելու զրույցը կը պտըտի։


Ըստ մեզ՝ Միլանին ոչ թե բան մը տալու չէ, այլ անոր, եթե կարելի է շապիկն առնելու է և հոս բերելով ի պատիժ յուր ըրած հանցանաց չորեքշաբթի օր մը նամակ մը տալու է ձեռքը, որ Եենի ճամիի թղթատունը ձգե, և կամ ձեռքը քայմե մը տալովն սըկեց քառասուն փարայի հաց առ ու մնացածը բե՛ր, ըսելու է։