Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այո՛, բան մալ տալու չէ իրեն, թո՛ղ չհաշտվի, որովհետև այս Միլանին հանցանքը խիստ մեծ է. ո՛չ միայն յուր հրկիզյալ գյուղերուն, յուր ժողովրդյան թշվառության պատասխանատու է, այլ ծնունդի օրով իմին հին բանթալոնով պտըտելուս ալ պատասխանատու է, ոչ միայն յուր ժողովրդյան հաշիվն՝ այլ իմին գրպանիս ալ համարը տալու պարտավոր է:


Այս ըսածնիս զուտ ճշմարտություն է, և եթե, Աստված չընէ, Թատրոնը օր մը կամովին դադրի, բոլոր պատասխանատվությունը Միլանին վրա կիյնա, և աս Միլանին, ամենուն դժբախտություն բաժնող Միլանին բան մը շնորհելը իրավանց դեմ է։ Ինքը ի՞նչ տված ունի մեզի, Թատրոնի բաժանորդ մը անգամ գրված չէ։


Խոսքերնիս կը վերջացունենք, կամ լավ ևս կսկսինք ըսելով՝ թե այդ Միլանին սիկառայի թուղթ մը անգամ տալու չէ։


Լա Վերիթե (նյժարտություն) անուն լրագիր մը կը հրատարակվի կոր, կարդացած ունի՞ք այդ լրագիրը։


Առջի օրը իմ ձեռքս անցավ հատ մը այդ ճշմարտություն անուն լրագիրեն և քիչ մը խնդացի, որովհետև իրեն լրագրին նյութ ընելիք բանը իր լրագրին անուն դրեր է, և եթե երբեք իր տողերուն մեջ ճշմարտություն չգտնանք, պատճառն այն է, որ փնտրածնիս իր լրագրին ճակատը փախեր ապաստաներ է։


Հիշյալ թերթին մեջ մեր գտած ճշմարտությունն այս է ահա։


<53>

Ականջնուդ օղ ըլլա, որ չմոռնաք, և ձեր զավակները տեսանելի և անտեսանելի փորձանքներեն զգուշացնելու ատեննիդ իրենց ըսեք։


— Զավակս, երբ մեծնաս և ստիպվիս գավառները երթալ, և երբ լսես օր մը, որ նոր կուսակալ մը գալու վրա է