Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այն քաղաքին՝ որու մեջ կը գտնվիս չըլլա որ տղայություն ընես և կուսակալը դիմավորելու երթաս, որովհետև կուսակալ մը դիմավորելը մեծ հանցանք է, և այս հանցանքիդ համար հրացան կը պարպեն վրադ։


Թերևս ձեր զավակները առջի բերան չհավտան ձեր քարոզին և ձեր վրա խնդան, զանոնք հավտացնելու և ձեր վրա չխնդացնելու համար առջի օրվան Մասիսն առեք ու կարդացե՛ք։


«Վանեն գերապատիվ Երեմիա եպիսկոպոս լուր կուտա հեռագրով ի Պատրիարքարան՝ թե նորընտիր կուսակալն ազգին կողմեն դիմավորելու ղրկված Թերզիպաշյան Հարությունի վրա հրացան պարպեր է Տերվիշ անուն քյուրտ մը և վիրավորեր է։ Ոճրագործը բռնվեր է»։


Եթե ձեր զավակները հարցունեն թե ոճրագործին ի՞նչ պատիժ տնօրիներ են, պատասխանեցե՛ք իրենց թե՝ հայ մը սպաննող քյուրտերը ձերբակալության կը դատապարտվին և սրբազան Պատրիարքն ալ մեկ շաբաթեն մինչև վեց ամիս թաքրիր գրելու կը դատապարտվի։


Թերևս ձեր զավակները, թերահավատ գտնվին և չհավտան. թերահավատության մի վարժեցունեք զիրենք, տարվան մը մեջ տեղի ունեցած սպանությանց հեղինակները քովե քով շարեցե՛ք, և անոնց անպատիժ մնալը ցցուցե՛ք իրենց, սակայն այդ սպանությանց ատենները սահմանադրության հրատարակված չըլլալն ու իտարեի քեյֆիեի տակ գտնված ըլլալնիս ալ իմացուցե՛ք իրենց...


Ականջնուդ օղ ըլլա... քիթերնուդ ակնոց ըլլա... գլուխնուդ շինեոն ըլլա, ինչ ըսեմ, որ չմոռնաք և այս ըսածներս ձեր զավակներուն, թոռներուն, թոռներու թոռներուն և անոնց ալ թոռներուն ականջը հասցնեք, որպեսզի գարուց ի դարս մեր ականջներն ի վար հնչվի այն խոսքը թե՝ կուսակալ մը դիմավորելը հանցանք է։

Հունաստանի երեսփոխանության ըրածին հավնեցա՞ք... Պյուտժեն քվեի դնելու կամ չդնելու մասին մեջերնին վիճաբանություն ծագեր է, դնել ուզող մասը վաստկեր է: