Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Պատերազմ պիտի ըլլա՞ թե ոչ։


— Լրագրի մը մեջ կարդացի, որ Ռուսիո զօրքերը եթե Բրուտ գետը անցնին, պատերազմը անհրաժեշտ է։


— Չի կրնար ըլլալ, որ Բրուտ գետը չանցնի ու պատերազմի, այսչափ տերություններ կան, որ կը պատերազմին, ասոնց ամենն ալ Բրուտ գե՞տ ունին միթե։


— Ատ չգիտեմ, հիմա մեր ընելիքը սա է, որ կամ բոլոր ճիգերնիս թափելու և թող տալու չենք, որ այդ գետեն անցնի, կամ այդ գետը ջնջելու է։


— Մինչև օգոստոս երկնցնելու է իրաց վիճակը։


— Ի՞նչ կըլլա։


— Օգոստոսին ջուր երբ կը քաշվին, գետը կը ցամքի, կը լմննա կերթա։


— Ատ ալ չըլլար, դարձյալ կանցնի։


— Ա՜հ, այդ գետին խայըխճիները մեր Պալըխ բազարի խայըխճիներն ըլլալու էին, որ...

— Ի՞նչ կ'ըլլար...


— Ինչ պիտի ըլլար, ատոնց խայըխ մտնալու կը վախնային ու մեկդի կը քաշվեին։


— Ատոնք պարապ խոսքեր են, դուն դիտակը ձեռքդ առ ու Բրուտ գետը նայե, անցնելնուն պես ալ ինձի իմաց տուր։


Կը խրատեմ ձեզի, որ ասկե ետքը քալած ատեննիդ քիչ մայ վեր նայիք։


Վեր ըսելով պատուհանները նայեցեք ըսել չեմ ուզեր, երկինք նայեցե՛ք, ըսել կուզեմ։


Այո՛, երկինք նայեցե՛ք, որպեսզի գլուխնուդ բան մր չիյնա. տեսե՛ք, Ամերիկայի չգիտեմ որ կողմը երկինքեն օձ թափվեր է։


Ո՜րչափ վախցան արդյոք այն կողմի բնակիչները, մանավանդ քովերնին հովանոց չունեցողները...


Դեպի երկինք ճամբորդությունները շատցան վերջերս...


Դեռ երկու ամիս է, որ հազարավոր խեղճ մարդիկ երկինք բարձրացան և մեռան, այսօր ալ օձերը դեպի երկինք ճամբորդություն ըրին և կորսվեցւսն։