Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իմ սիրելի բարեկամ պարոն Քումանտուրոս նորեն սկսավ գլուխը վերմակեն դուրս հանել:


«Չքնանանք, կըսե, պարոն Քումանտուրոս, մեր իրավանց պաշտպանությանը համար զոհողություններ ընենք ու հայրենիքի մասին Սերվիայեն ու Քարատաղեն վար չմնանք»։


Այո՛, մի քնանաք, և չքնանալու համար եթե կ՝ուզեք մեր տունը հրամմեցեք, պեքնինք ձեռքի փատը գետինը զարնելուն պես՝ անկողինե վեր կը ցատկեք, քուներնիդ կը փախցունեք ու մինչև առտու չեք կրնար ձերբակալել։


Մի՛ քնանաք, բայց քնատությունն ալ կարծեմ քիչ մը վնասակար Է։


Ձեր իրավունքը պաշտպանեցե՛ք, Սերվիայեն ու Քարատաղեն վար մի՛ մնաք, դուք ալ մեկը ղրկեցե՛ք հոս, քանի մը կանգուն տեղ ալ ձեզի կուտանք... փառք Աստծո, դուք օտարական չեք ա՛, այսօրվան օրս մեր դրացին կը սեպվիք կոր։


Բայց պարոն Քումանտուրոս, ինչո՞ւ ասանկ բաներ կնեք և մարդուս միտքը կը պղտորեք. սպասեցե՛ք սա մարդոց հետ հաշիվնիս մաքրենք և վեըջը ձեզի հետ տեսնվինք։


Ձեզի պարապ չենք հաներ, բայց քիչ մը խահվե օյախին գացե՛ք, նստեցե՛ք։


Նիքոլա և Միլան իշխանները հիմա իրար հետ կը խոսին։


— Ի՞նչպես եք, Նիքոլա եղբայր։


— Շատ աղեկ եմ, դու ի՞նչպես ես։


— Սանկ, նանկ։ Քեզի բան մը պիտի հարցունեմ. մենք ինչո՞ւ համար պատերազմ հրատարակեցինք։


— Հերսեկի և Պոսնայի մեջ գտնված մեր եղբայրները խալսելու համար։


— Շատ լավ, բայց հիմա մեզի մեյ մեկ կտոր տեղ տրվելուն պես հաշտություն պիտի կնքենք, և այն ատեն չպիտի ըսեն թե՝ ասոնք քրիստոնյաները պաշտպանելու համար պատերազմի ելան և մեյ մեկ կտոր տեղ առնելով հետ դարձան, թե ասոնք ալ ռուսի քաղաքականության հետևող են։ Եկուր սա հաշտությունը չկնքենք, վերջեն խարեբա պիտի ըսեն մեզի, պոսնացի և հերսեկցի եղբայրներնիս մեզի պիտի անիծեն։