Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ հիվանդությունը անվտանգ անցուցած ըլլալուն համար, կը լսենք, որ ո՛չ թե պարահանդես, այլ Ազգային հիվանդանոցին գումար մը պիտի տա եղեր։


Աստուծով քիչ օրեն այս լուրին գործադրությունը կը ծանուցանենք և Մասիս իր գրածովը պզտիկ կը մնա։


Բերկրությամբ սրտի կիմանանք, որ երեկ իրիկուն քանի մը հայ ազնուականներ տեղ մը հավաքվելով խորհրդակցեր են սա կետին վրա թե՛ ազնվականները Իզնիմիտի թշվառներուն օգնելու ըլլան նե՝ ազնվականության վնաս մը կուդա՞, թե ոչ։ Քանի մը ժամ ջերմ վիճաբանութենե ետքը, որոշվեր Է, թե այդ թշվառներուն օգնելը ազնվականությունը հարվածել է։


Բռներու աղվոր մը ծեծելու Է Փանոսյան ըսվածը, որ գործը երեսի վրա թողուցեր՝ Իզնիմիտ կերթա կուգա խեղճերուն հաց բաշխելու համար։


Թող տալու է այդ խեղճերը, որ ինքնօգնությամբ ճարեն և ուտեն։ Մեյ մեկ ինքնօգնություն տալու է անոնց ձեռքը, որ կարդան և սորվին, թե ուրիշեն օգնություն սպասողը անոթի կը մնա։


Ուրախ ենք, որ մեր ազնվական էֆենտիները այդ դասը ամեն օր մեզի կարդալով՝ աշխատիլ կը սորվեցնեն մեզի, մինչդեռ Փանոսյանին այս ըրածը ուրիշ բան չէ՝ եթե ոչ ժողովուրդը ծուլության վարժեցունել։


Եթե Փանոսյան էֆենտի իր այս ընթացքը շարունակե վաղը մյուս օր ես ալ անոթի պիտի մնամ, որպեսզի գա ու ինձի հաց տա։


Օրթագեղի Թաղական Խորհրդո ընթացքին վրայոք անախորժ զրույցներ կը պտըտին։ Մենք այդ զրույցներուն չուզելով հավատալ, որոշեցինք նախ զանոնք ստուգել և ետքը մեր դիտողություններն ընել։