Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<57>

Չորեքշաբթի օրը բան մը պիտի հարցնեի ձեզի. բայց բոլորովին մտքես ելավ, թե ինչ պիտի հարցնեի։


Հարցնելիքս կարևո՞ր բան մէր, թե ոչ։


Ատ չգիտեմ, բայց որովհետև մոռցած եմ, ինձի համար մեծ կարևորություն ունի այսօր. հետևապես միտքս ու սիրտս հանդարտեցնելու համար անպատճառ և անպատճառ պետք է որ գտնամ զայն ու հարցնեմ։


Կը հուսամ, որ ընթերցասեր ազգայինք պիտի քաջալերեն մեր այս ձեռնարկությունը և հետս պիտի աշխատին գտնալու համար, թե ի՞նչ պիտի հարգնեի իրենց։


Ինչ որ կը մոռնամ մեծ արժեք կունենա ինձի համար, որչափ ալ չնչին բան մր ըլլա այն։ Ինչո՞ւ հեռուն երթանք, բախտը անանկ բերավ, որ առջի օրը ձեռագիր գրած ատենս 19 թիվ շոգենավին նավապետին անունը մոռնամ, այն նավապետին, որ գլուխը տասը թոփ աճեմ շալը կը փաթթե ձմեռը, և որ նավապետին նշան տված ատենը խաչելության պատկեր կը դառնա։ Ավելորդ է ըսել, որ շոգենավին մեջ եղողներն ալ ինքզինքնին ավագ ուրբաթ օրը եկեղեցիի մեջ կը կարծեն։ Այս նավապետին անունը մոռնալուս պես՝ իսկույն գրիչը լզեցիք թուղթերս վերցուցի, փողոցները ինկա և դեմս ելնողին սկսա հարցանել։ Ութը ժամ շարունակ աշխատելես վերջք հազիվ հաջողեցա այն նավապետին անունը նորեն սորվիլ, խիղճս հանդարտեցնել և նույն գիշերը հանգիստ քնանալ։ Նմանապես ամիս մը առաջ ալ շաբաթ մը չարչարվեցա չըլպըր բառը հիշելու համար, սա ամենուս ծանօթ կերակուրին անունը։


Խնդրույն դառնանք։


Արդ, ընթերցողք, օգնեցեք ինձ, ձեր հիշողությունը իմինես զորավոր է. եթե կամք ընեք կրնաք ձեզի հարցնելիքս ինձի իմացունել...


— Չըլլա՞ որ լուսինին բռնըվ...


Ողջ ըլլաք, Աստված մեկ օրերնիդ հազար ընե, փորձանքներե և ֆելեկեն ազատե զձեզ. այո՛, լուսինին վրայոք պիտի հարցունեի: