Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հաճի ասկեց ետքը իր շրջանը միշտ երեսուն օրվան մեջ ընելու, որպեսզի ամսական առնողները ամեն երեսուն օրը ամսականնին առնեն, և ոչ թե հարյուր քսան օրը անգամ մը։


Մեյ մալ, ասկից վերջը լուսինը օրացույց կարդալով վիշապներեն բռնվելիք օրը առաջուց կիմանա, կզգուշանա և այսչափ վառողի սպառման պատճառ չըլլար։ Սակայն կը խրատենք զինքը, որ տեր Երեմյա հոր օրացույցին չնայի որովհետև անոր ժամացույցը քիչ մը առաջ կը քալե կոր աս տարի։


Կառավարութիւնը ինչ ըրավ չըրավ վերջապես Սերվիո հետ հաշտությունը կնքեց։


Անցած բաները ա՛լ բերան չպիտի առնենք, բոլորովին պիտի մոռնանք, չեղածի պես պիտի համարենք։


Ինչ եղավ նե՝ Թատրոնին եղավ. եթե գիտնայինք, որ կառավարությունը օր մը այսպես պիտի հաշտվի Սերվիո հետ՝ Միլանին դեմ բան մը չէինք գրեր։


Միլան կառավարության հետ հաշտվեցավ, լավ, բայց Թատրոնի հետ ալ հաշտվեցա՞վ արդյոք։


Հաշտության գրույն մեջ ըսվեցավ թե Միլան Թատրոնին պիտի ներե և իրեն դեմ գրվածներուն համար ոխ չպիտի պահե անոր խմբագրին, ինչպես որ օրեն է հոս։


Կը փափագինք, որ այս կետերը պարզվեին, թեպետ և մենք Միլանին դեմ բան մը չգրեցինք։ Մենք զինքը իբրև եղբայր կը ճանաչեինք, մանավանդ, որ շատերուն կըսեինք թե՝ սա Միլանը ի՛նչ աղեկ տղա է, ինչ ազնիվ սիրտ ունի։


Դարձյալ կըսեմ, Միլանը բարի տղա մէ, իմ գրածներուս մի՛ նայիք դուք, ես կատակի համար կը գրեի զանոնք։


Երբ օր մը Սերվիա երթամ (կարծեմ ամբողջ ազգը հոն պիտի երթա, որովհետև մեր բարեխնամ կառավարությունը խնդրած է Սերվիայեն, որ Սերվիո հայերն ու հրեաներն քաղաքացիի իրավունք վայելեն) անշուշտ Միլան իշխանը ինձի ծուռ աչքով չպիտի նայի և պիտի պատվե զիս։


Հիմակվնե շնորհակալություններս կը հայտնեմ այն բարենորոգմանց... չէ, չէ, սխալեցա, այն պատիվներուն հա-