Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարդկության համար քրտինք թափող չմնաց աշխարհիս վրա. առաքինությունն իր նշանակությունը կորուս. անբարոյականությունը բարոյականության դիմակով արձակ համարձակ կը պըտըտի կոր, և Թատրոնը կարող չըլլար կոր այս զեղծումները բառնալու, ոչ միայն կարող չըլլար կոր, այլ զանոնք բառնալ աշխատելուն համար ծաղու նշավակ կըլլա կոր... մեկեն իբրև ճգնավոր կը բամբասվի կոր, ուրիշեն իբրև կրոնավոր կը զրպարտվի կոր, մեկալեն իբրև անզգա կը հարվածվի կոր, ուրիշեն իբրև թշնամի հառաջադիմության կը նախատվի կոր, ապտալ կըսեն կոր, խըմպրլ կըսեն կոր: Հարուստ մը իրեն դիմողին բարություն չըրած ատեն՝ քթին տակեն Թատրոնին քեֆը փախավ ըսելով կը ծաղրե կոր զիս. քավալիյե մը իր տամային մեջքը սխմած ատեն՝ Թատրոնը չկրցավ սա մարդկությունը օրինավորության մեջ դնել ըսելով իր տամային հետ խնդալե կը մարի կոր անառակը։ Ավելին կա. երեկույթներու, պարահանդեսներու երթալու կը քաշվիմ կոր, որովհետև երթալուս պես՝ մանչ, աղջիկ, այր և կին, հոն գտնվողները շուրջս կը պատեն կոր և կսկսին կոր զիս քաշել։


— էֆենտի՛, սա ընտանեկան զեղծումները չկրցիք տակավին շտկել։


—Շիտակը, Էֆենտիին ձեռնարկությունը դժվար է, օրվան մը մեջ չկրնար գլուխ անել:


— Բայց, մի վհատիք, Էֆենտի, ապագան ձեզի պիտի օրհնե:


— Էֆենտի, ուրիշ միջոց մը գտա՞ք սա մարդիկ ճանբա բերելու, սա պարը վերցնելու է... պարը շատ անբարոյական բան է, ինչ ըսեք նե՝ իրավունք ունիք, Էֆենտի, չըլլա որ դուք խաղաք:


Իմ ալ համբերությունս կը հատնի կոր, լապտերը վառելուս պես ինքզինքս պատուհանեն վար կը նետեմ կոր. տուն երթալուս պես սենյակիս վարագույրները կը ձգեմ կոր, անկողինս կը մտնամ և գլուխս վերմակիս մեջ կը քաշեմ կոր, որպեսզի չտեսնամ իրենց երեսը, որոնք ամենայն համարձակությամբ զարմանալով թե՝ Թատրոնի պես մեկը կրնա եղեր տակավին գտնվիլ այս դարուս մեջ, ապուշ մը գտեր