Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ենք, թո՛ղ խոսի, մենք ալ հետը էյլենմիշ ըլլանք, կըսեն կոր: Թող որ անդին հազարավոր պարկեշտ երիտասարդներ կան, որ զիս կը հարգեն կոր՝ ինչպես որ միլիոնավոր աղջիկներ կան, որ ինձի համար հողի կուտան կոր. բայց ինչ օգուտ, որ ասոնք բացառություններ են, և բացառություն մը որչափ ալ ստվար ըլլա չկրնար ընդհանուր կանոն ըլլալ։


(Բնաբանե շեղած չըլլալս իմացնելու համար պետք է հոս հիշել, որ այս բացառիկ երիտասարդներն, աղջիկները գրպանը ծակ եղող կուսակցության կը վերաբերին)։


Եվ ես ի՞նչ կընեմ կոր ինձի եղած նախատանաց և անարգանաց դեմ. կը համբերեմ կոր, գիտնալով որ իմ խոսքերուս արժեքը ասկից հարյուր տարի ետքը պիտի ճանաչվի, իմ խոսքերուս արդյունքը իմ թոռներս (Աստված պահե զիրենք արևելյան խնդիրեն) պիտի վայլեն։ Միթե Սոկրատ ալ չհալածվեցա՞վ, ես ալ Սոկրատեն պզտի՞կ մարդ եմ... Տեմիրճիպաշյան, Կյուրճյան, չոգնե՞ք քիչ մը ինձի, եղբայրնե՛ր... ինչո՞ւ կայներ երեսս կը նայիք կոր...


Կարծեմ, ընթերցո՛ղ, այսօր քիչ մավելի շատախոսություն կընեմ կոր, բայց ի՞նչ ընեմ, կարծիքներ կան, որոնք լակոնականովն անհասկնալի կը մնան։ Օ՛ն, խնդրույն դառնանք, նայց դարձած ատեննիս չմոռնանք ըսելու, որ դուռը տունեն մեծ եղավ. եթե ուզեք՝ տունը դռան տեղ գործածեցեք... Հրեից կիները արդեն դուռը կը նստին։


Ըսի թե՝ գրպանը ծակ եղողները բարի կըլլան, տեսե՛ք հիմա, թե ինչո՞ւ ըսի։


Հայտնի է ձեզ, որ Քարատաղի հետ ալ պիտի հաշտվինք այս օրերս։


Անգղիո կառավարությունը հարյուր հազար ոսկի տալ խոստացեր է Քարատաղին՝ եթե ասիկա ետ կենա Թուրքիայեն հող ուզելե։


Անգղիա ի՞նչ բարիք տեսավ Քարատաղեն, որ անոր այսչափ ոսկի կուտա կոր, Թուրքիա ի՞նչ բարեկամություն տեսավ Քարատաղեն, որ անոր երկիր տա։


Անգղիա այդ գումարը քարատաղցոց տալու տեղ հայերուն տալու ըլլա նե՝ ավելի քրիստոնեավայել և մարդասիրական գործ մը տեսած չըլլար, այդ գումարը քարատաղ-