Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Եթե Իկնաթիեֆի հիվանդությունը արբաճըք ըսվածն է, թող Կորչաքոֆը ապտակ մը զարնե անոր երեսը, բան մալ չմնար։ Եթե աչքին մեջ արյուն կա՝ օղի թող չգործածե ու օրը քանի մը անգամ պաղ ջուրով աչքերը լվա, քանի մը օրեն կանցնի։


Ինչ կը մնա անգին, ոչ ինչ։


Կը խնդրենք ուրեմն Իկնաթիեֆեն, որ իր ճամբորդության բուն պատճառը մեզ իմացնել Հաճի։


Ձեզի նոր լուր մը տա՞մ...


Պոլսո երեսփոխանական ընտրությունները լմնցան, հրաժարականները նոր սկսան։


Չորս երեսփոխան հրաժարեցան, որոնց երկուքը թուրքը մին հայ և մնացորդը հույն։


Այս մարդիկը երկու հարյուր ոսկիի չեն հավներ... ըսել է որ ավելի կը վաստկին կոր։


Հույն երեսփոխանին հրաժարման պատճառը սա է եղեր, թե մեր օրթոտոքս եղբայրները տեսնելով՝ որ հայոցմե երեք երեսփոխան ընտրվեր են և իրենցմե մեկ հատ, ստիպեր են Վասիլաքի պեյը, որ հրաժարի։


Լսածնուս նայելով՝ այս ընտրությունները իբրև չեղյալ համարվելով՝ երկրորդ անգամ ընտրությանց պիտի ձեռնարկեն, և տարակույս չկա, թե մինչև որ Պոլսո հույն երեսփոխաններուն թիվը հայոց երեսփոխանաց թիվեն ավելի չըլլա իբր չեղյալ պիտի նկատվին մեր օրթոտոքս եղբայրներեն։


Մեծամասնության ձայնը իրենց նպաստավոր չըլլալուն համար բարկացեր են մեր հույն եղբայրները։ Ինչ ընենք, մեծամասնության ձայնը որչափ ալ աղեկ չըլլա, ամեն մարդ կուզե անոր խաղ կանչելը լսել... մեծամասնության խաղ է այս, մտիկ ընելու ենք, քանի որ սահմանադրական եղանք։


Մեր հույն եղբայրները կը փափագին, որ ամենքն ալ երեսփոխան ընտրվին, և երեսփոխանական ժողովին մեջ հայ կամ պուլղար, մանավանդ հայ բնավ չգտնվի։