Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայն ի՞նչ է, պուլղարն ի՞նչ, հույնն ի՞նչ, հրեան ի՞նչ, միթե ամենքնիս ալ օսմանցի չե՞նք, միթե ամենքնիս ալ եղբայրաբար երկրին շահերը չպիտի պաշտպանենք։


Եկո՛ւր տե, հունաց հասկցուր նայինք։


— Կնի՛կ, քառասուն անգամ ըսի քեզի, որ տեղ մը գտցած ատեննիս անոր ասոր երեսը նայելով չխնդաս։


— Ինչո՞ւ պիտի չխնդամ եղեր։


— Ամենուն հետ կատակ չընես։


— Ինչո՞ւ պիտի չընեմ եղեր։


— Ըսել է, որ դուն զիս բնավ չես սիրեր կոր։


— Հիմա՞ հասկցար։


— Չե՞ս վախնար, որ Պատրիարքարան կերթամ, քեզի կը թողում և վերջեն խեղճ կըլլաս։


— Ես ալ կուզեմ, որ ինձի թողուս։


— Զեռքդ ի՞նչ կանցնի ինձմե բաժնվելովդ։


— Չհավնեցա՞ր, չորս հարյուր ոսկի պիտի անցնի։


— Ծերակուտի անդամ պիտի ըլլաս, ի՛նչ պիտի ընես։


— Ինչո՞ւ ծերակուտի անգամ ըլլամ, նայե՛, մեկը կնկանը անհավատարմության պատճառավ բաժնվիլ ուղելուն համար, Կրոնական ժողովը որոշեր է, որ կնկանը երեք հարյուր ոսկի տա։


— Աս ի՞նչ փորձանք բան է, ասկից վերջը կարգվողները կնիկնին ձգելու համար պետք եղած ստակն ալ վաստկելով՝ անանկ կարգվելու են։


Հայրենիքին մեջ ուշադրության արժանի հետևյալ լուրը կը կարդանք.


«Լրագրույս գլուխը Բենիրճյան մեծապատիվ Հակոբ էֆենտիի կողմանե նվեր ըլլալով, հիշյալ ազնիվ երիտասարդին շնորհակալություննիս կը հայտնեմք»։


Մենք ալ, ի դիմաց ազգին շնորհակալություննիս կը հայտնեմք Բենիրճյան էֆենտիին և կը խնդրենք, որ Հայրենիքին երկու հատ ալ ոտք նվեր ընե։