Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<59>

Ինչպես որ արտաքո Հռովմա եկեղեցվո չիք փրկություն, այնպես ալ արտաքո հունաց դիմաց չիք ազատություն մեր քիթերուն։


Մեր ոչ օրթոտոքս քիթերը կարծես մեր բերդերն են, թշնամիք երբ մեր վրա հարձակիլ ուզեն՝ նախ մեր քիթերը կը ռմբակոծեն, կարծելով թե քիթերնուս տիրելեն ետքը կարող կըլլան զմեզ տկարացնելու և նվաճելու։


Այսպես վարված է մեզի հետ վերջերս հունական Ֆյոքս անուն զավեշտական թերթը, որ ծաղրանկար մը հրատարակելով՝ իր հասակին չափ մեյ մեկ քիթ գծեր է երեք հայ երեսփոխանաց դեմքին վրա։


Այս զավեշտական թերթը, հայոց քիթերը մեծցուցած միջոցին Պոլսո հայոց թիվերն ալ պզտիկցուցած է. նոր վիճակագրություն մը ստեղծելով՝ Պոլսո մեջ 150000 հայ գտեր է, 300000 հույն։ Ի՜նչ առատություն զերոներու...


Թողլով դպրոցական տղայոց խնդայ այս հրաշալի վիճակագրության վրա, մենք ընդունինք վայրկյան մը, թե Պոսո մեջ 300000 հույն կա։ Այս ընդունելեն ետքը դառնանք հարցունել Ֆլոքսին թե, կը հիշե՞ արդյոք այն օրը ուր Եզոբոս տիրոջը կողմեն բաղնիք ղրկված ըլլալով՝ որ երթա հասկնա թե բաղնիքին մեջ բազմություն կա՞, թե ոչ. կը նայի, որ բաղնիքին մեջ լեցուն մարդ կա, բայց այդչափ մարդոց մեջեն մեկը միայն կը տեսնե, որ բաղնիքին դռան բացվելուն արգելք եղող մեծկակ մեկ քարը վերցունելով մտնողներուն դյուրություն կուտա. և այս տեսնելուն պես՝ Եզոբոսը տուն կերթա և տիրոջը կըսե. «Տէ՛ր, բաղնիքը թեհնա է, մարդ մը միայն կա»։ Դարձյալ ո՞վ չգիտեր, որ օր մը Դիոգինես հրապարակի վրա պտըտած միջոցին հանկարծ կանգ կառնու. «Մարդի՛կ մարդի՛կ» պոռալ կսկսի, և երբ ժողովուրդը կը խռնի՝ կարասաբնակն «Բաներնի՛դ գացե՛ք, ես մարդ կանչեցի, ձեզի չկանչեցի» կը պատասխանե։


Միթե Եզոբոսի և Դիոգինեսի օրերը հույները քիչվո՞ր էին. ինչո՞ւ այն ատեն Նեոլողոս Թրաքիս Ֆլոքս և Ֆար Տյու Պոսֆոր չբողոքեցին Դիոգինեսի և Եզոբոսի դեմ, և այսօր