Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


կելնեն կը բողոքեն այն մեծամասնության դեմ, որ երեսփոխանության արժանի մեկ հոգի կրցած է գտնալ։ Հույները ինչո՞ւ աղոթք չեն ըներ, որ մեծամասնությունը գթալով հատ մը երեսփոխան գտած է, հապա եթե Դիոգինեսին հանձնված ըլլար հույներե երեսփոխան մը ընտրելը, ո՞ւր կերթար իրենց վիճակը։ Թող պատմագետք դատեն։


Չենք ուզեր այս կետին վրա ծանրանալ և շնորհավորելով մեր օրթոտոքս եղբայրները այն հառաջադիմության համար, զոր ըրած են Դիոգինեսի օրերեն մինչև այսօր, կը փափագինք, որ գալ տարի Պոլիսեն երկու երեսփոխան տալու հաջողին։


Մեյ մալ կը խնդրենք իրենց զավեշտական թերթերեն, որ մեր քիթերուն վրա չհարձակին, որովհետև քվե տվողները մեր քիթերը չեն։


Սա Կորչաքոֆ ըսված մարդը շատ համբերող մարդ մէ եղեր... ամիսե մը ի վեր է, որ իր ծանուցագրին պատասխանը առած չէ և չբարկանար։


Ես մեկու մը նամակ գրեմ և հետևյալ օրը պատասխանը չառնեմ նե՝ բարկութենե ինչ ընելիքս կը մոռնամ, աս մարդը հոգ չըներ կոր... այսչափ փոքր մարմնույն մեջ ի՞նչպես սղմեցուցեր է ատանկ լայնածավալ սիրտ մը...


Քանի մը անգամ մտքես անցավ, որ սա մարդուն ծանուցագրին ես պատասխան մը գրեմ, որպեսզի սիրտը հանդարտի քիչ մը, բայց անգիտաբար քաղաքականության մեջ կնճիռ մալ մեր կողմեն չհարուցանելու համար ետ քաշվեցա։ Չմոռնանք ըսելու, որ մյուս տերություններն ալ Կորչաքոֆի ծանուցագրին հետ կատակի ելեր են կարծես։ «Ամենքնիս մեկեն պիտի պատասխանենք... զատ զատ պիտի պատասխանենք... Քարատաղի հետ հաշտություն կնքվելեն ետքը պիտի պատասխանենք» ըսելով կը խաղցունեն կոր Կորչաքոֆը։ Ի՞նչ ըսել է. Քարատաղի հետ հաշտություն չըլլա նե՝ պատասխան չպիտի տան այդ ծանուցագրին... այս ծանուցագրին պատասխան տվե՛ք, որ մարդը շուտ մը ուրիշ մը գրե ու անոր ալ պատասխանեք։