Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կարծեմ տերությանց մտքեն անցածն ալ աս Է. գիտեն կոր որ այս մարդուն ծանուցագիրներուն վերջը չպիտի գա, անոր համար չեն ուզեր կոր պատասխանել։ Սակայն այս տերությունները գիտնալու են, որ կայսրը երեսը թթվեցուց։


Ս. Բեթըսպուրկեն առջի օրը հասած հեռագրալուրը տեսար ա՛, բանակներուն թիվը ավելցնելու հրաման տված է, և եթե ծանուցագիրին պատասխանը քիչ մալ ուշանա՝ կարծեմ թե թնդանոթով պիտի սկսի հարցում ընել Կորչաքոֆը։


Մենք մեր խմբագրական պարտականությունը կատարեցինք. իրենք դարձյալ ուզածնուն պես վարվելու ազատ են։


Կերևի որ Իկնաթիեֆին բարի եկարը կոխեր են Անգղիայեն։


Անգղիա իր ընթացքը անփոփոխ պահելու որոշում տված ըլլալով, կըսեն, հարկ չէ մնացեր Իկնաթիեֆի Անգղիա երթալ, ուղղակի Բարիզ պիտի երթա եղեր։


Անգամ մը թող երթար Անգղիա, թերևս կը հաջողեր անոր ընթացքը փոխելու։


Պատիվդ ավելնա, Իկնաթիեֆ. քու պաշտոնդ տերությանց ընթացքր փոխել տալու աշխատիլ Է եղեր, մարդ համոզել Է եղեր... ի՞նչպես եղեր է, որ մի սիոնար չես եղած։


Բարիզ պիտի երթաս եղեր ֆրանսացիներուն ընթացքը փոխելու, բայց միթե անոնք փոփոխամիտ են... կարծեմ հոն ալ չպիտի հաջողիս, և պարապ ձեռքով ետ պիտի դառնաս...


Անգամ մը փորձե՛, նայինք։


Մեկ երկու շաբաթն ի վեր մայրաքաղաքիս լրագիրը փոխասացությամբ գողություններ և սպանություններ կը կարդան կոր։


Ֆար Տյու Պոսֆորին գրածին նայելով՝ Չաթալճայի կողմերը հինգ օրվան մեջ հինգ հոգի սպանվեր են։