Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Բայց այս պաշտոնյաները ոստիկանության դուռը ի՞նչ գործ ունին, ամսականնին օրին չառնելնուն համար պարտակա՞ն ինկած են արդյոք խեղճերը։


— Ո՛չ, գլխավորնին ոսկիի տեղ քայմե տալ կուզե կոր, իրավունքնին տալ չուզեր կոր եղեր...


— Անանկ է նե՝ գլխավորնին հանձնելու էին ոստիկանության դուռը, իրենք ինչո՞ւ գնացեր են, կըսե ու կը հեռանա մարդը։


Քարատաղցոց հետ կարծեմ չպիաի կրնանք պագտվիլ։


Ասոնք կռվո մարդիկ են և ո՛չ հաշտության։ Ասոնք աղեկ կռվիլ գիտեն, ինչպես որ Սերվիան ալ աղվոր հաշտվիլ գիտե։


Ասոնք չհաշտվելու համար մեծ մեծ պահանջումներ կնեն կոր, եթե մենք քիչ մը առատաձեռն ըլլանք և ուզածնին տանք, տարի մը շարունակ պիտի ուզեն։


Շաբաթ մը առաջ Պեռլին խնճույքի մը մեջ Պիսմարք իշխանը հարցուցած ըլլալով մեր Խիկարին, թե ինչ կարծիք ունի քարատաղցոց հետ ըլլալիք հաշտության վրա, մեջերնին հետևյալ խոսակցությունը տեղի ունեցեր է։


Խիկար.— Չեմ հուսար, որ քարատաղցիք կարենան հաշտվիլ Բ. Դռան հետ, այլ է եթե Բ. Դուռը խոսք տա Պոլսո մեջ մեկ միլիոն հոր փորել տալ իրենց։


Պիսմարք. — Ըսել է որ անկարելի է այդ հաշտությունը։


Խիկար.— Չեմ ըսեր թե անկարելի է, այլ կըսեմ թե դժվար է։


Խիկարին այս խոսքին վրա Պիսմարք բաժակ առաջարկեր է և մեկտեղ խմեր են։ Պիսմարք առանց ջուրի խմեր է գինին։


Ինչպես որ կերևի եթե ոչ անկարելի՝ գոնե գժվար պիտի լինի այս հաշտությունը։


Տար Աստված, որ քարատաղցիք իրենց անմատչելի լեռները հետերնին կարենային պտըտցունել և անոնցմով երկար ատեն կարող ըլլային դիմանալ օսմանցոցս գինուց զորության։