Մեծ գյուտ մը...
Բնական գիտությանց հմուտ մեկը փորձով հասկցեր է
եղեր, որ գորտ մը առանց բան մը ուտելու հինգ տարի կապրի
եղեր։
Ինչ մեծ գյուտ...
Ես վարժապետ մը կը ճանչնամ, որ առանց բան մը ուտելու
քսան տարիե ի վեր կապրի կոր...
<61>
Տերություններն այս ժամուս ամեն բան մեկդի թողլով՝ Ռուսիան պատվավոր կերպով ետ քաշելու հնար մը կը փնտրեն կոր, որպեսզի խաղաղությունը չվրդովի։
— Այսչափ պատրաստություններ տեսա, կըսե Ռուսիան,
այսչափ ծախք ըրի, հիմա պարապ ձեռքով ի՜նչպես ետ դառնամ,
ամոթ չէ՜, պատվավոր կերպով ետ քաշվելու ճանբա մը
ցցուցեք ինձի, ես ալ իմ պահանջումներս ետ առնեմ։
— Պատվավոր կերպով կրնաս ետ դառնալ, կը պատասխանե
Անգղիան, որովհետև Թուրքիան ընդունեց բարեկարգությանց
պետքը. որովհետև դեսպանաժողովն բոլորովին
ապարդյուն չեղավ. որովհետև սահմանադրություն հրատարակվեցավ.
այս բոլոր որ որովհետևները քեզի պատիվ կը բերեն։
— Ատոնք պարապ խոսքեր են, պատվավոր կերպով զիս
ետ ղրկելու ճանբա մը կուզեմ ես. գոնե սա 56-ի դաշնադրությունը ավրենք. ի՜նչ կ՝ըլլա, խըյանեթ:
— Չըլլար, յավրուս:
— Ինչո՜ւ չըլլար խուզիս:
— Չըլլար, ըսինք ա՛։
— Անանկ է նե՝ ես ալ ետ չեմ քաշվիր։
— Ես ալ Թուրքիո ամբողջությունը կը պաշտպանեմ:
— Շատ աղեկ. մնաք բարով։
— Շատ աղեկ. երթաք բարով։
Ահա գործերը այս աստիճանի մեջ են... պատվավոր
կերպով ետ քաշվելու ճանբա մը ցցունելու է եղեր մեկ մարդուն,
որպես թե մենք իրեն ըսած ըլլայինք, որ ոտք ելնե։