Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կորչաքոֆ այս լեզվով ամենապարզ կերպով ըսել կուզե թե՝ ի՞նչ հարկ կա կռիվ ընելու, ինձի բան մը տվեք, ես ալ տեղս երթամ:


Բան մալ չպիտի տանք, մենք օսմանցիքս ստորագրության հարգը ճանաչող մարդիկ ենք, 56-ի դաշնագրությունը չենք կրնար ավրել։ Երթաս բարով...


Երեսփոխանական ժողովնիս քանի մը օրեն պիտի բացվի:


Երեսփոխան էֆենտիները քննություն տալու պատրաստվող աշակերտներու պես գիշեր ցորեկ կաշխատին կոր ընելիք խոսքերնին աղվորիկ մը բերնուց սորվելու. և շատ աղեկ կընեն կոր. ինչու որ աղեկ չխոսողը կը պատժվի, թերևս վարժարանեն ալ վռնտվի։


Ես չգիտեմ, թե ինչու երեսփոխանական ժողով ընտրեցինք մենք։ Եվրոպիո բոլոր ժողովները, ողջ ըլլան, մեր գործերուն վրա կը խոսին, կը վիճեն. երբեմն ալ որոշում անգամ կուտան կոր առանց մեզի հարցունելու։ Աշխարհիս վրա չկա կառավարություն մը, որ մեզի չափ երեսփոխանական ժողովովներ ունենա։ Մեծերուն համար ըսենք թե վնաս չունի. հապա երբեմն երբեմն սա Հունաստանն ու Ռումանիան ալ իր Ժողովներուն մեջ մեր խնդիրներուն վրա խոսք կը բանան նե անո՞նց ալ բան մը չըսենք։ Իրավ որ աս զարմանալի և շատ զարմանալի է. մեզմե ի զատ ամենքն ալ մեզի համար կը խոսին ու կաշխատին կոր։


Եվրոպայեն եկած հեռագիրները՝ այսինքն ժողովներու մեջ մեր վրայոք եղած վիճաբանությունները կարդացած ատենըս վայրկյան մը ինքզինքս կամ Անգղիա, կամ Ֆրանսա, կամ Ալմանիա, կամ Ավստրիա, կամ Հունաստանի մեջ կը կարծեմ կոր. երբեմն ալ ամենուն կը կարծեմ կոր, և ինձի այնպես կուգա կոր, որ երթամ բարլամենթոին ըսեմ թե, սա փուլը ինչո՞ւ համար չեք վերցներ կոր լրագիրներեն, սա Զեյթունի քայմաքամը իչո՞ւ չեք կախեր կոր, սա Վանը կրակի տվող ավազակները ինչո՞ւ չեք պատմեր կոր. սա Մուշի քա-