Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Պայմանաժամը երեք շաբաթ երկարեցավ, այսինքն մինչև ապրիլ մեկ:


Ես կարծեմ որ եթե մինչև օգոստոս մեկ ալ երկնցնենք պայմանաժամը, աս մարդիկը չպիտի հաշտվին, մինչև որ ուզածնին չտրվի. մենք ալ ուզածնին չպիտի տանք և պայմանաժամը չորս, հինգ, վեց տարի ալ պիտի երկարի. կյանքերնիս պայմանաժամի մեջ պիտի մաշեցնենք։


Մյուս կողմեն ալ կը կարծեմ, որ Ռուսիան յուր զորքը ետ քաշելուն պես Նիքիթա իշխանը պիտի կակուղնա և շուտ մը պիտի կնքե իրեն առաջարկզած հաշտությունը։


Առ այժմ առանց սիրտերնիս նեղացնելու համբերելու ենք... շատը գնաց, քիչը մնաց, ասկից վերջը աղեկ օրեր պիտի տեսնենք... մինակ մեր գլուխը չէ յա, ամենուն ալ գլուխն է... բարկանալով ինքզինքնուս վնասելեն ի՞նչ օգուտ կելնե... կյանքը առանց վիշտի չըլլար... մեծնանք նե՝ կը մոռնանք... արևելյան խնդիրք։


Չեմ կրնար զարմանքս բռնել, երբ կը տեսնեմ, որ սահմանադրության հրատարակվելեն ետքն ալ գավառաց մեջ հարստահարությունք կըլլան։


Այս քյուրտերը, կամավոր և ակամա զինվորները, կանոնավոր և անկանոն զորքերն արդյոք չիմացա՞ն, որ իրարու հետ եղբայր եղանք, սահմանադրության հրատարակված օրը կը քնանայի՞ն, ինչ կընեին կոր...


Արդյոք պիտի ըլլա՞ օր մը՝ որ երեսփոխանին մեկը հարստահարությանց մասին հարցում մը ընե ժողովքին մեջ, որպեսզի պատասխանն առնվելով մենք ալ հասկնայինք սա հարստահարությանց պատճառը և հետաքրքրութենե խալսեինք... ե՞րբ պիտի գաս, ո՛վ այն օր... պիտ գա՞ս, թե արդեն եկած ու գացած ես։


Երեկ գրավաճառի մը առջևեն անցած ատենս բարեկամներես մին կամացուկ մը ձեռքիս չանթան բացավ և մեջք կտոր մը թուղթ նետեց։