Իկնաթիեֆ զորավարը կը շարունակն իր ճամբորդությունն ան կողմերը՝ ուր սկսած է ճամբորդել այս օրերս Միտհաթ փաշան։
Կը փափագեի, որ դիպվածը անանկ բերեր, որ երկուքը
վակոնի մը մեջ իրարու հանդիպեին։
Ի՞նչ կը խոսին արդյոք։
— Ո՞ւր կերթաք կոր, Իկնաթիեֆ։
— Բարիզ կերթամ կոր, հրամանքնի՞դ։
— Ես ալ հոն կերթամ կոր։
— Շատ ուրախ եմ ձեր վսեմության հետ ճամբորդության
մեջ գտնվելուս համար։
— Շնորհակալ եմ։
— Քոնֆերանսեն ետքը դուք ալ կարծեմ մեր ետևեն
ճամբա ելած եք։
— Հրամմեր եք։
— Իմաց տայիք նե՝ քանի մը օր կսպասեինք, մեկտեղ
կելլայինք։ Բայց դուք ինչո՞ւ ելաք Պոլիսեն, ձեր ալ առաջարկությունները չընդունվեցան։
— Չգիտեմ։
— Կրնամ արդյոք հարցնել, թե ի՞նչ ընելու կերթաք կոր
Բարիզ։
— Հայտնի չէ։ Դուք ինչո՞ւ համար կերթաք կոր Բարիզ։
— Մերինը հայտնի է, Թուրքիո հետ մեր բարեկամությունն
ավելի ևս ամրապնդելու համար, մեր խաղաղասեր
ըլլալն աշխարհի իմացնելու համար։
— Շնորհակալ եմ։
— Կը հուսա՞ք, որ մոտերս Պոլիս դառնաք։
— Մութ է։
— Ինչո՛ւ մութ է։
— Անոր համար մութ է, որովհետև... մութ է։ Մնաք
բարով։
— Ո՞ւր կերթաք։
— Ուրիշ վակոն պիտի մտնամ։
— Արդյոք իմ ներկայությո՞ւնս...
— Ոչ, ձեր բացակայությունը... Մնաք բարով։
— Կը ցավիմ։