Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեսա՞ք, բարեկամությունը ասանկ ըլլալու է. միայն կը Վախնամ, որ չըլլա թե Անտրասին մեզի շատ բարեկամություն ընել ուզելով՝ Պոսնան անգամ մը ձեռք անցունելեն ետքը՝ մեյ մալ անոր երեսը չցցունե մեզի։


— Ի՞նչ կըսե՛ք, Թատրոն, դիվանագետ մարդիկ կը զիջանին ուրիշները խաբելու։


— Քավ լեցի, քավ լեցի, ատանկ բաներ ըրած ունին որ... միայն թե միտքես անցավ անոր համար ըսի։


Միլան իշխանն ալ տարօրինակ տղա մ՝է։


Մեկ կողմեն Թարատաղին հետ դաշնադրություն կ՝ընե Թուրքիո դեմ պատերազմելու համար, մյուս կողմեն Թուրքիո հետ հաշտություն կը կնքե։


Տղան հիմա երկու թուրի մեջ մնացած է։


— Միլան, կըսե նիքոլան, դու իմ դաշնակիցս ես Թուրքիո դեմ, պատերազմե՝ նայիմ:


— Ես Թուրքիո հետ հաշտություն ըրի։


— Հապա իմ քովս ստորագրություն ունիս, անոր ի՞նչ պիտի ըսես։


— Իրավունք ունիս, կըսե Միլանը, և իբրև պատվավոր մարդ ստորագրությունը հարգած ըլլալու համար, սուրը կը քաշե պատյանեն։ Թուրքիան կը տեսնե զայս և կ՝ըսե.


— Միլա՚ն, դու ինձի հետ բարեկամ եղար, տեղդ հանգիստ չնստիս։


— Խոսք տված եմ Նիքոլային, որ քեզի դեմ կռվիմ։


— Հապա իմ քովս ստորադրություն ունիս։


— Իրավունք ունիս, կըսե Միլան, և իբրև պատվավոր մարդ իր ստորագրությունը հարգելու համար սուրն ի պատյան դարձունել կը խորհի։


Եթե Միլանը իր այս երկու ստորագրությունները միանգամայն հարգել որոշած է, մեզի հետ թե՛ հաշտված պիտի ըլլա և թե՛ մեզի դեմ նորեն պիտի կռվի։