Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գլխեն ներս կը մտնեն առանց իր հավանությունը նախապես առնելու։


Արդ, ով որ Ռումանիո դռան թըք, թըք զարնե և անթրեի ձայն կառնե՝ կարող պիտի ըլլա ներս մտնալ. իսկ ով որ թըք թըք կը զարնե և ներսեն ձայն մը չառներ, ժամերով դռան առջև պիտի սպասե, որ մեր բրենս Հոհենցոլերնը գործը լմնցնե Ռուսիո հետ և ետքը բարեհաճի անթրե ըսելու։


Այս հայտարարութենեն ես կը հասկնամ, որ Ռումանիան մեզի կամ շատ ուշ անթրե պիտի ըսե և կամ բնավ չպիտի ըսե, սակայն ինքը թո՛ղ վստահ ըլլա, որ մենք Ռուսիո անթրեին կսպասենք կոր և ոչ թե իր անթրեին:


Անգղիո լրագիրները սաստիկ զայրացած են Ռուսիո դեմ։


Ողջ ըլլան։


Հաղթության բարոյական կողմը միշտ մերն է։


Մենք կը փափադեինք, որ Անգղիո լրագիրներուն տեղը Անգղիա զայրանար Ռուսիո դեմ և առանց արյունհեղության վախճան տար արևելյան անուն հյուսիսային խնդրույն։


Հիշյալ լրագիրները խորհրդարանի ներկայացյալ տեղեկագիրներեն քաղելով կըսեն, թե Ռուսիա աս ու ան բռնի օրթոտոքս կընե եղեր։


Իրավունք ունին, բռնությունը գեշ բան է, միսիոնար ղրկելով կամ ստակ տալով եթե համոզեին, տիրոջը գործը տեսած կըլլային։ Անգղիական լրադիրները շատ չբարկանան թող, աս ալ տիրոջը գործը չէ՞ մի. Ռուսիա ծեծով կընե եղեր, Անգղիան միսիոնարով, ի՛նչ վնաս ունի. չէ՞ մի որ երկուքին՛ ալ նպատակը մեկ է։


Ո՞վ պիտի հարցնե իրենց թե, եղբայր, դուն ծեծ ուտելով օրթոտոքս եղար, թե ստակ առնելով բողոքական եղար, բավական է, որ երկուքն ալ արքայության մեջ բարձր տեղ մը պիտի նստին...


Ռուսիան այս մասին ավելի շատ պիտի վարձատրվի, որովհետև ծեծելով արքայություն կը տանի կոր մարդիկը...